Պացիենտների թվի աճմանը զուգընթաց, բուժման մոտեցումները փոխվում են. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./ԱՌԿԱ/. Պացիենտների թվի աճմանը զուգընթաց, բուժման մոտեցումները փոխվում են, հայտնել է չորեքշաբթի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ:
«Թեթև հաստատված ձևերով և առանց սիմպտոմների պացիենտները հնարավոր է ընդհանրապես հիվանդանոցային բուժօգնություն չստանան, քանի որ նրանք դրա կարիքը չունեն և ընդհանրապես մեկուսացվեն մեկուսացման վայրերում կամ հյուրանոցներում, ընդհուպ մինչև նման պացինենտներին տնային պայմաններում հկողության տակ պահվեն մինչև հիվադնությունն անցնի»,- նշել է Թորոսյանը:
Նախարարը միջին ծանրության և ծանր դեպքերի մասին խոսելով՝ նշել է, որ նրանց միանշանակ անհրաժեշտ է հիվանդանոցային բուժօգնություն, որն այս պահին դրությամբ ծավալվել է Երևան քաղաքի 4 մասնագիտացված ԲԿ-ներում:
«Դա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն է, Նորք-Մարաշի Օրթոպեդիայի ինստիտուտը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաճյուղը, Ոստիկանության հոսպիտալը»,- նշել է նախարարը:
Թորոսյանը հայտնել է, որ Երևանում կորոնավիրուսի բուժման ընթացակարգի համար մահճակալային ֆոնդը կազմում է մոտավորապես 650-700 կարգի մահճակալ:
«Իհարկե, կա նաև այլ սցենար, երբ որ մարզային բժշկական հաստատություններ էլ կարող են դրա համար առանձնացվել, այս պահին գործող բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների մասին է խոսքը: Նաև ներառված են այս առաջադրանքի մեջ հենց այս պահին Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքները: Հենց այս պահին այնտեղ գտնվում են պացիենտներ, ովքեր պրակտիկորեն սիմպտոմներ չունեն, կամ շատ թեթև ունեն, ընդհուպ մինչև մահճակալների ծավալում այնպիսի վայրերում, որոնք նախատեսված չեն բժշկական ծառայությունների մատուցման համար»,- նշել է Թորոսյանը:
Խոսելով թոքերի արհեստական շնչառության սարքավորումների մասին՝ նախարարը նշել է, որ հենց հիմա միայն սրա համար առանձնացված կա 42 սարք, որից օգտագործվում է ընդամենը 1-ը, մեկ պացինենտի համար, ում վիճակը ծանր է:
«Գնումների պրոցեսի մեջ ենք: Հենց հիմա Երևանում ունենք 7 սարք, որը գնման պորցեսի մեջ է, պարզապես ստուգում ենք որ աշխատանքային ստուգումների մեջ է»,- նշել է Թորոսյանը:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։
Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–