Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման գործընթացի մեկնարկի մասին (ՎԻԴԵՈ)

Այսօր, 12:14
Փաշինյանը 10 եպիսկոպոսների հետ հայտարարություն է տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ․ ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման գործընթացի մեկնարկի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ: Նա նաև հրապարակել է հայտարարության տեքստը՝ տասը եպիսկոպոսների ստորագրությամբ։

«Մենք գտնվում ենք ՀՀ վարչապետի կեցավայրում և արդեն մի քանի ժամ քննարկել և համաձայնեցրել ենք հետևյալ հայտարարության տեքստը՝ Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման»,-հայտարարության տեքստը ընթերցելիս ասել է Փաշինյանը։

Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է.

«Մենք՝ ներքոստորագրյալներս

- հավատալով և հավատարիմ լինելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, Սրբոց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ սերմանված հավատի, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ հայոց թագավորի ջանքերով հիմնադրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավանդությանը,

- ընդգծելով ՀՀ արժեքահենք հանրության զարգացման և ազգային ինքնության պահպանման կենսական գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանցքային դերն ու նշանակությունը,

- մտահոգված լինելով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա ձևավորած մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից Ավետարանի սկզբունքներով ապրելու և քարոզելու առաքելության ձախողմամբ, հոգևոր կյանքի խաթարմամբ, բարքերի այլասերման աղաղակող փաստերի նկատմամբ հանդուրժողականության դրսևորմամբ, հայտարարում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, որը կիրականացվի հետևյալ ճանապարհային քարտեզով»,- ասել է վարչապետը:

Այդ կետերն են․

1․ Բարենորոգման օրակարգի հանրահռչակում

2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում)

3․ Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն

4․  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում, Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր

5․ Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն

Տասը եպիսկոպոսների հայտարարությունը

Տասը եպիսկոպոսներ, որոնք հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, դեկտեմբերի 18–ի երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ՝ արտահայտելով մտահոգություն Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ։ Նրանք քննադատել են Եկեղեցու կառավարման ընթացքը, նշել Եկեղեցու և պետության համար հնարավոր վտանգները և կոչ են արել հոգևորականներին ու հավատավոր ժողովրդին միավորվել՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչ անելու պահանջով։ «Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն», – նշվել է եպիսկոպոսների հայտարարության մեջ։

Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է Գարեգին Բ–ի կուսակրոնության հարցին։

«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։   Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգևոր անվտանգության խնդիր, ասում եմ նաև որպես ՀՀ վարչապետ, որովհետև տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»,– գրել է Փաշինյանը։