Փաշինյանի խոսնակ. վարչապետի աշխատակազմի 2 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
«Երկու աշխատակիցներն այս պահին մեկուսացված են: Այս պահին տեղեկություններ չկան նրանց ընտանիքի անդամների վարակված լինելու մասին»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:
Այս պահին տեղեկություններ չկան նրանց ընտանիքի անդամների վարակված լինելու մասին
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Հայաստանում մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում:-0-