Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Պատմական ռեկորդ․ գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 000-ի սահմանը․ Փաշինյան

23.10.2025, 16:26
2025թ․–ի սեպտեմբերի դրությամբ գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը կազմել է 805 687, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ
Պատմական ռեկորդ․ գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 000-ի սահմանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ի սեպտեմբերի դրությամբ գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը կազմել է 805 687, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։ 

«2025թ. սեպտեմբերի դրությամբ առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 000-ի սահմանը: Պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել և սեպտեմբերի դրությամբ կազմել է 805 687: Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցված աշխատատեղերն ավելի են 37 140-ով կամ 4.8 տոկոսով: Իսկ 2018 թ․ սեպտեմբերի համեմատ 222 912-ով կամ 38 տոկոսով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել են ավելի քան 222 հազար աշխատավարձով ապահովված աշխատատեղեր», – նշել է Փաշինյանն այսօր նիստի ժամանակ։ 

Խոսելով տնտեսության կառուցվածքում նախատեսվող փոփոխությունների մասին՝ երկրի ղեկավարը նշել է. «Տնտեսության կառուցվածքում առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, մասնավորապես՝ հիմա մենք տեսնում ենք և գոհունակությամբ պետք է արձանագրել, որ Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է: Արդեն երկու օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին, և ես միջազգային հարթակում՝ Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» համաժողովում իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ և ողջունել եմ այդ որոշումը: Նույնն ուզում եմ անել նաև այստեղ, որովհետև դա շատ կարևոր որոշում է: Եվ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի Հռչակագիրը և ձեռք բերված պայմանավորվածությունները դրանք, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, միայն դեկլարացիա չեն: Այսինքն՝ դրանք դեկլարացիան են, բայց իրենց հետ բերել են կոնկրետ արդյունքներ»: