Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊԵԿ-ը ներկայացրել է առողջության ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու ժամկետները

Այսօր, 14:33
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները
ՊԵԿ-ը ներկայացրել է առողջության ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կիրարկման վերաբերյալ, որով սահմանվում են ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները։

Համակարգի առաջին շահառուները կլինեն այն վարձու աշխատողները, որոնք՝

 -2025 թ․ նոյեմբերին գործատուից ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։

Այս դեպքում ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկել և պահել 2025թ․ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից՝ ՀՀ պետական բյուջե փոխանցելով մինչև 2026թ․ հունվարի 20-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ նշված վարձու աշխատողն ապահովագրված անձի կարգավիճակ կստանա 2026 թ․ հունվարի 1–ից։ Ի դեպ, եթե հաջորդող 12 ամիսների ընթացքում աշխատավարձը նվազի, վարձու աշխատողը շարունակելու է ապահովագրավճար վճարել։

-2026 թ․ հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում որևէ ամսում ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։

 Ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկել, պահել և ՀՀ պետական բյուջե վճարել համապատասխան ամսվան հաջորդող ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ այս կետում ներառված վարձու աշխատողներն ապահովագրված անձի կարգավիճակ կստանան ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից:

Ապահովագրավճարների չափը տարբերակված է՝ մինչև 500,000 դրամ աշխատավարձի դեպքում այն կկազմի ամսական 4,800 դրամ, իսկ 500,001 դրամից բարձր եկամտի դեպքում՝ 10,800 դրամ։

Մի քանի տեղ աշխատող անձանց պարագայում վճարումները կատարվելու են յուրաքանչյուր գործատուի կողմից, սակայն սահմանված դրույքաչափը գերազանցող գումարները ենթակա են վերադարձի՝ առողջության համընդհանուր ապահովագրության  հիմնադրամին ներկայացված դիմումի հիման վրա։

Կարևոր է նշել, որ համակարգից ազատված են մինչև 18 և 65-ից բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապահովագրավճար վճարողներ են համարվում նաև ՀՀ-ում հաշվառված այն անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, որոնք 2025 թվականին ունեցել են 2 400 001 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։ Նշված անձինք ապահովագրավճարը, որը տարվա կտրվածքով կազմում է 129.600 ՀՀ դրամ, պարտավոր են վճարել ինքնուրույն՝ մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ։ ԱՁ-ներն ու նոտարներն ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում համապատասխան հարկային հաշվարկը ներկայացնելուց և ապահովագրավճարի ամբողջական վճարումից հետո՝ վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից։