Քաղաքապետարան․ «Կարմիր գծերի» բարձրացված սակագների գաղափարը պայմանավորված է մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/. Երևանի կայանատեղիների «կարմիր գծերի» նոր սակագների գաղափարը միտված էր մայրաքաղաքի կենտրոնը որոշակիորեն բեռնաթափելուն, հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Կոստանյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները նպատակ ունեին թեթևացնել կենտրոնի երթևեկությունը և մի շարք փոփոխություններ իրականացնել հասարակական տրանսպորտի ոլորտում։ Նա նշեց, որ այս ոլորտում քաղաքապետարանի աշխատանքը դեռ ամբողջությամբ տեսանելի չէ։
«Առաջիկայում, երբ ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը կշատանա, արդյունքն ավելի տեսանելի կլինի», – վստահեցրեց Կոստանյանը։
Նշենք, որ ավելի վաղ՝ մայիսի 23-ին, Վարչական դատարանը անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշման մի շարք դրույթներ՝ «կարմիր գծերի» վճարների վերաբերյալ (բարձրացված սակագները գործում են 2024թ․ հունվարի 1-ից), սակայն քաղաքապետարանը մտադիր է բողոքարկել այդ որոշումը։
Hetq լրատվամիջոցի տվյալներով՝ դատարանը չի ընդունել որպես իրավաչափ հիմնավորում այն, որ վճարի բարձրացումը քաղաքային իշխանությունները պատճառաբանել են ծառայությունների որակի բարելավմամբ և կենտրոնի բեռնաթափման անհրաժեշտությամբ։
Նոր սակագների մասին
2024 թվականի հունվարի 1-ից Երևանում սահմանվել են բարձրացված սակագներ կայանման համար, որոնք հաշվարկվում են՝ ըստ քաղաքի գոտիների։
«Ա» գոտում (կենտրոն) գործում են հետևյալ սակագները․
- 300 դրամ մեկ ժամվա համար,
- 2 000 դրամ մեկ օրվա համար,
- 5 000 դրամ մեկ շաբաթվա համար,
- 18 000 դրամ մեկ ամսվա համար,
- 160 000 դրամ մեկ տարվա համար
«Բ» գոտի (Արաբկիր վարչական շրջան)
- 200 դրամ մեկ ժամվա համար,
- 1 000 դրամ մեկ օրվա համար,
- 2 000 դրամ մեկ շաբաթվա համար,
- 4 000 դրամ մեկ ամսվա համար,
- 24 000 դրամ մեկ տարվա համար։