ՔԿ–ն հրապարակել է ՊԲ զինծառայողի մահվան մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ՊԲ պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Երեմյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2018թ. մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Մատաղիսից-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել ճանապարհի աջ կողմի ձորը»,– ասվում է հաղորդման մեջ։
Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գևորգի Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:
Երրորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: -0-