ՔԿ․ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Այս մասին «ԱՌԿԱ»–ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ», – նշել է Ավդալյանը։
2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Նշենք, որ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։
Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։
«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։
Դրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է․ «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։
Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։
Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը։