Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ. ՀՀ նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2020, 14:30
Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ. ՀՀ նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ. ՀՀ նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանն այսօր` հուլիսի 5–ին, նշում է Սահմանադրության օրն ու Պետական խորհրդանիշերի օրը:

«Մենք ունենք պետականության միասնական խորհրդանիշեր՝ պետական դրոշ, զինանշան, օրհներգ և մեկ միասնական Սահմանադրություն։

Պատմությունը ոչ միայն լավ ուսուցիչ է, այլև՝ ակամա հուշարար։ Այն անընդհատ հիշեցնում և հուշում է մեզ չմոռանալ, որ որպես պետություն ու հասարակություն հաջողության հասնելու գրավականը ձեռք ձեռքի տված, միասնաբար երկիրը կառուցելն է, որ մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն՝ անձնական կամ մասնավոր,

որ բարձրագույն արժեքը մարդն է, որ Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն»,- նշել է նախագահը:

ՀՀ նախագահը հիշեցրել է,  երբ ավելի քան 200 տարի առաջ Շահամիրյանները գրեցին «Որոգայթ փառացը», մենք դեռ պետություն չունեինք, սակայն «Որոգայթ փառացը» գրվեց որպես ապագա Հայաստանի Սահմանադրություն՝ երազանքով հուսալով, որ գալու է այդ՝ հայոց պետականության ժամանակը, պետականություն՝ զերծ փառքի որոգայթներից։

«Մեզնից առավելագույն ջանքեր ու պատասխանատվություն, կարգապահություն և զգոնություն է պահանջվում մարտահրավերներն արժանապատվությամբ հաղթահարելու և առաջ շարժվելու համար: Մենք պարտավոր ենք լինել շրջահայաց, միասնական ու նախաձեռնող, որ ունենանք և վաղվա սերունդներին փոխանցենք կայուն և զարգացած երկիր՝ ուժեղ պետության, համերաշխ և հանդուրժող հասարակության, պետական անխաթար խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի, օրհներգի, պետության զարգացման և ազգային միասնականության հիմքը կազմող Սահմանադրության տեսքով, որպես հզոր և բոլոր առումներով առողջ Հայաստան։ Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու լավատեսություն: Աստված պահապան մեր Հայրենիքին և բոլորիս»,- նշվում է ուղերձում: -0-