Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-9

Sanitek-ը բացատրել է աղբահանության խնդրի պատճառները

02.08.2019, 16:39
Sanitek ընկերության ներկայացուցիչն ուրբաթ ասուլիսի ժամանակ ներկայացրել է «աղբային ճգնաժամի» պատճառները։
Sanitek-ը բացատրել է աղբահանության խնդրի պատճառները

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. Sanitek ընկերության ներկայացուցիչն ուրբաթ ասուլիսի ժամանակ ներկայացրել է «աղբային ճգնաժամի» պատճառները։

Sanitek ընկերության ԶԼՄ–ների հետ աշխատանքի համակարգող Քնարիկ Առաքելյանը նշեց, որ հոկտեմբերին հանդիպումներ են կազմակերպվել քաղաքապետարանի հետ և ներկայացվել են ոլորտի խնդիրները, առաջարկվել է ավելացնել պայմանագրի բյուջեն և պարտավորվել իրականացնել լրացուցիչ ներդրումներ։

«Քաղաքապետարանն առաջարկեց ձեռք բերել աղբահավաք մեքենաներ և վարձակալության հանձնել դրանք ընկերությանը։ Առաջարկն ընդունվել էր, և մենք արդեն քննարկել էինք վարձակալության համաձայնագրի ֆինանսական մանրամասները։ Նախատեսվում էր, որ քաղաքապետարանը պետք հայտարարի մրցույթ և մեքենաները Երևանում կլինեն արդեն այս տարվա ապրիլին` ամռան ամիսներին իրավիճակը «փրկելու» համար», – տեղեկացրեց նա։

Առաքելյանի խոսքով, դրանից հետո Sanitek–ը ստացավ նամակ, որն ամբողջությամբ հակասում էր բանակցությունների բովանդակությանը, որտեղ նշվում էր, որ եթե ընկերությունը չկատարի իր վրա վերցված պարտավորությունները, ապա կենթարկվի պայմանագրում նշված պատժամիջոցների։

«Դրանից հետո քաղաքապետը հեռախոսով տեղեկացրեց, որ մրցույթը ձախողվել է իրավաբանական պատճառներով, և ընկերությունն ինքը պետք է ձեռք բերի աղբահավաք մեքենաները։ Սպասարկող բանկի հետ խորհրդակցությունների արդյունքում ընկերությունը պատրաստակամություն հայտնեց իրականացնել նոր երդրումներ և ձեռք բերել մեքենաներ», – տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչը։

Միաժամանակ նա նշեց, որ ընկերությունը պատրաստ էր դիմել նման քայլի երեք պայմանների պահպանման դեպքում։ Քաղաքապետարանը պետք է երաշխավորեր բանկին, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում խզել պայմանագիրը, ընկերությանը կցուցաբերի ֆինանսական աջակցություն և պարտավորվում է թարմացնել Նուբարաշենի աղբանոցի ենթակառուցվածքը։

«Քաղաքապետարանը չպատասխանեց մեր առաջարկած պայմաններին։ Զարմանալի կերպով դրանից հետո քաղաքապետարանի հետ բոլոր պայմանագրերը խզվեցին, և մենք ԶԼՄ–ներից իմացանք, որ քաղաքապետը պատրաստվում է դիմել կառավարությանն աղբահավաք մեքենաներ ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար և հիմնել աղբահանությամբ զբաղվող նոր ընկերություն», – տեղեկացրեց Առաքելյանը։

Ընկերության ներկայացուցիչն ուշադրություն դարձրեց նաև քաղաքապետարանի այն մեղադրանքներին, որ քաղաքում տեղադրված են ոչ բավարար թվով աղբամաններ։

«Պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում պետք է բերվի 8 հազար աղբաման։ Քաղաքապետարանը փորձում է ներկայացնել, որ 16 հազար աղբամաններ մշտապես պետք է տեղադրված լինեն քաղաքում։ Մոտ 10 հազար աղբաման արդեն ձեռք է բերվել, չնայած չի անցել պայմանագրի ժամկետի անգամ կեսը» – ասաց նա` ընդգծելով, որ քաղաքացիները հաճախ վառում և կոտրում են աղբամանները։

Ավելի վաղ Sanitek International ընկերությունը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Հայցի գումարը կազմում է 24 702 187.6 դրամ (մոտ 51,784 դոլար)։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակային կերպով դժգոհություն է հայտնել Sanitek–ի աշխատանքից` ընդգծելով, որ երևանցիներն այլևս չեն պատրաստվում հանդուրժել նման որակի աշխատանք։

Այս տարվա գարնանը Sanitek–ը երկու անգամ տուգանվել է Երևանում աղբահանության ոլորտում ստանձած պարտավորությունները չկատարելու համար (ապրիլի 15–ին` 13մլն դրամով և մայիսի 3–ին ` 26 մլն դրամով)։–0–