ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է. ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը։
Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել։
«Քվեարկությունը միանգամից 10։30 չի լինելու։ Կլինի հարցուպատասխան, նախագահի թեկնածուն ամենայն հավանակությամբ ելույթ կունենա, եթե դատավորները կունենան ելույթներ, կլինեն, ապա կլինի քվեարկություն։ Այս պահին հարցուպատասխանն ընդհատված է»:
Հարցին՝ ինչո՞ւ է նիստն այդքան երկար տևում՝ դատավոր նշեց. «Կարծում եմ՝ նորմալ է, որովհետև յուրաքանչյուրն ունի հարցեր։ Կարծում եմ՝ հարցին արագ լուծում տալու մեջ չէ խնդիրը»։
Շաթիրյանը հայտնեց, որ ինքնաառաջադրված թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ. «Ինչին հաջորդեց հարցուպատասխանը։ Դատավորների մի մասն արդեն իսկ ուղղեցին իրենց հարցերը թեկնածուին։ Այլ հարցադրումներ ևս կան»։
Հարցին, թե ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել թեկնածուն, Շաթիրյանն ասաց, որ նշել է՝ չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ գաղտնի քվեարկությամբ:-0-