Սևանա լճի ջրի մակարդակը 2016 թ.-ին բարձրացել է 30 սմ-ով. բնապահպանության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սևանա լճի ջրի մակարդակը 2016 թ.-ի տարեսկզբի համեմատ բարձրացել է 30 սմ-ով, երեքշաբթի տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Այսօրվա դրությամբ, Սևանա լճի ջրի մակարդակը կազմում է 1900 մ 48 սմ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 27 սմ-ով», - ընդգծել է Մինասյանը:
Նա նշեց, որ ոռոգման նպատակով լճից ջրի բացթողումներն այս տարի սկսվել են հունիսի 7-ին և ավարտվել սեպտեմբերի 12-ին:
«Օգտագործված ջրի ծավալը կազմել է 167,135 մլն խորանարդ մետր` օրենսդրությամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետրի փոխարեն: Սա 0,608 մլն խորանարդ մետրով պակաս է, քան 2015 թ.-ին», - ավելացրեց Մինասյանը:
Սևանա լիճը` Եվրոպայի և Ասիայի ամենամեծ բարձրալեռնային լճերից մեկը, տեղակայված է Հայկական լեռնաշղթայի հենց սրտում` 1914 մետր բարձրության վրա:
Երկարությամբ` հյուսիս-արևմուտքից հարավ-որևելք, լիճը սփռվում է ավելի քան 70 կմ-ի վրա, իսկ նրա ջրային հայելու մակերեսը կազմում է գրեթե 1500 քառակուսի կիլոմետր: Լիճը Հայաստանում խմելու ջրի գլխավոր աղբյուրն է: 2030 թ.-ին լճի մակարդակը կբարձրանա մինչև օպտիմալ 1903,5 մետր: -0-