Рейтинг@Mail.ru
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները 60 մլն ընդհանուր գումարի չափով պետական կրթաթոշակ կստանան Հայաստանում

02.11.2012, 20:12
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները 60 մլն ընդհանուր գումարի չափով պետական կրթաթոշակ կստանան Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Համաձայն օրակարգի` խորհուրդը հաստատել է հիմնադրամի նոր կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչպես նաև 2013 թ. բյուջեն: Նշվել է, որ հաջորդ տարի ավելանալու են սոցիալական ուղղվածության ծրագրերը, այդ թվում նաև` հաշմանդամություն ունեցող և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող մարդկանց համար։

Վարչապետ Սարգսյանը կարևորել է ՀՀ կառավարության հետ համատեղ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի (60 միլիոն դրամ) շարունակական իրականացումը. «Խոսքն այն մասին է, որ ուսանողները, սահմանված օբյեկտիվ չափանիշներով, իրենց շարքերից ընտրում են ֆինանսական աջակցության կարիք ունեցողներին, և հիմնադրամն օգնում է նրանց` վճարել ուսման վարձը»

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետ ընթացքը` վարչապետն առաջարկել է 2013թ.–ի բյուջեով ևս ֆինանսական միջոցներ նախատեսել սոցիալապես անապահով կամ բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին աջակցելու համար:

Կառավարությունը նույնպես օժանդակում է այս ծրագրին` պետական բյուջեից հատկացնելով գումարի մի մասը:

Վարչապետը կարևորել է նաև երիտասարդների համար իրականացվող ծրագրերը, որովհետև մշտապես հարց է հնչում` ինչպե՞ս կարող են երիտասարդական կազմակերպությունները դիմել հիմնադրամին, դառնալ շահառու և մասնակցել դրանց:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է լինի թափանցիկ: «Հասարակական և երիտասարդական կազմակերպությունները պետք է վստահ լինեն, որ ազատ մրցակցային պայմաններում կարող են դառնալ շահառու և մասնակցել ծրագրերի իրականացմանը»,– ասել է վարչապետը:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր  Կարեն Ավագյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների հետ համատեղ 40 միլիոն դրամի սահմանում աջակցություն կցուցաբերվի նաև սիրիահայ ուսանողներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հիմնադրամի գործադիր տնօրենին` ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել 2013 թ. բոլոր ծրագրերի, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների` ծրագրերին մասնակցելու և ֆինանսավորում ստանալու հնարավորությունների վերաբերյալ:

Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհրդի հավանությանն են արժանացել հիմնադրամի կողմից հատկացվող դրամաշնորհների կարգերի, աշխատանքային ներքին կարգապահական կանոնների, ինչպես նաև կազմակերպվող և աջակցող ծրագրերի մշտադիտարկման ու գնահատման կարգերը: «Մենք հաստատում ենք ձեր գործունեությանը վերաբերող կարգեր, որպեսզի այն լինի հրապարակային և վերահսկելի»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Նիստում ընտրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2012թ.–ի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող կազմակերպությունը:-0-