Սպանդանոցների կառուցման հետ կապված կա երկու խնդիր. փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ,4 մարտի./ԱՌԿԱ/. Սպանդանոցների կառուցման ժամանակ կա երկու խնդիր, որ լրացուցիչ կանոնակարգման անհրաժեշտություն ունի: Այս մասին չորեքշաբթի Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մեկը, թե ոնց պետք է անենք, որ գյուղնշանակության հողերի վրա կառուցելիս, չլինի մի հանգամանք, որը թույլ է տալիս գյուղնշանակութայն հողը այլ նպատակով օգտագործել: Բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է պարզեցված ընթացակարգ այդ հողի վրա կառուցելու թույլտվություն ստանալու համար»,- նշել է նա:
Ըստ Մհեր Գրիգորյանի, երկրորդ խնդիրը տիպային նախագծի խնդիրն է:
«Կարծում եմ, որ մոտ 2 շաբաթվա ընթացքում այդ կանոնակարգման հարցերն էլ կամփոփենք, և կունենանք շարժական, մոդուլային և ստացիոնար սպանդանոցների հարցի կարգավորման վերջնական կանոնակարգում»,- նշել է նա:
Ընդ որում փոխվարչապետն ընդգծել է, որ ամեն վայրում չէ, որ կարելի է սպանդանոց կառուցել, դա բավականին սպեցիֆիկ հարցեր պարունակող, այլ անձանց շահերի հետ բախվող խնդիր է, սա միակ խնդիրն է, որ ուշադրության կենտրոնում է պետք պահել:
Հիշեցնենք, որ սպանդանոցներում մորթն իրականացնելու պարտադիր պահանջն ուժի մեջ է մտել 2020թ.–ի հունվարի 15–ից, ինչը դժգոհություն էր առաջացրել մսավաճառների և անասնաբույծների շրջանում: Նրանք բողոքի ակցիաներ են անցկացրել Երևանում` պահանջելով վերանայել որոշումը։ Մասնավորապես, դժգոհություն էր առաջացրել այն փաստը, որ գործող սպանդանոցները բավարար չեն մսի պահանջարկը բավարարելու համար։ Այս դեպքերից հետո սպանդանոցներում պարտադիր մորթի պահանջն հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը: -0-