Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորի մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./ԱՌԿԱ/. Թեհրան-Երևան ինքնաթիռի բոլոր 52 ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Քիչ առաջ հայտնել էինք, որ Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում»:
«Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել էր Թեհրան»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, հաղորդվում է, որ Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորով, մասնագետի ուղեկցությամբ վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Բոլորը ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են: Վերջիններիս մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել:
«Նրանք գտնվելու են տնային հսկողության տակ»,- հայտնել են ԱՆ-ից:
Նշենք, որ երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն, այսօր Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են առողջապահության նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի:
Նշվում է, որ Առողջապահության նախարարության կողմից շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները: Բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով: Երկիր է ներկրվել նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) ախտորոշման համար թեստերի նոր խմբաքանակ: Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) բուժման ուղղությամբ այսօր որևէ կոնկրետ դեղ չի առաջարկվում, նախարարության մասնագետները ուսումնասիրվել են թե Չինաստանի, թե այլ երկրների կողմից առաջարկվող փորձը, ինչի արդյունքում մշակվում է նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պացիենտների վարման ընթացակարգ:
Այսօր աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 25-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է 80239 դեպք, որից Չինաստանում` 77780, 2666-ը` մահվան ելքով: Չինաստանից դուրս 33 երկրում գրանցվել է 2459 դեպք, 34-ը մահվան ելքով:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 26-ի, ժամը 18:00 դրությամբ, նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78195: Հաստատված դեպքերից առողջացածների թիվը կազմել է 30073: Գրանցվել է 2718 մահ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ աշխարհում գրանցվել է 81226 հաստատված դեպք: -0-