Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանում տոնական միջոցառումների համար շուրջ 48 մլն դրամ է հատկացվել. փոխքաղաքապետ

16.12.2014, 18:11
Երևանի համայնքային բյուջեից շուրջ 48 մլն դրամ է հատկացվել Երևանում Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։
Երևանում տոնական միջոցառումների համար շուրջ 48 մլն դրամ է հատկացվել. փոխքաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի համայնքային բյուջեից շուրջ 48 մլն դրամ է հատկացվել Երևանում Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։

Ամանորին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։

«Ովքեր կնախընտրեն բացօթյա միջոցառումները, համոզված եմ, կգոհանան. դրանց ճաշակն ու որակն ապահովված է բազմազանությամբ։ Այս տարի ևս համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ, մասնավորապես՝ խանութների, օբյեկտների, որոնց տոնական ձևավորման համար հայտարարված է մրցույթ։ Լավագույն ձևավորում ապահոված մասնավոր ընկերությունները կպարգևատրվեն քաղաքապետի կողմից»,- մայրաքաղաքում Ամանորի տոնական գլխավոր միջոցառումներն ու ծրագրերը ներկայացնելով՝ նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումը կմեկնարկի ժ. 19։00-ին։

«Միջոցառմանը մասնակցելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խորհրդանշական արարողությամբ կմիացնի գլխավոր տոնածառի և ամբողջ Երևանի տոնական լուսավորությունը։ Միջոցառումը կշարունակվի էստրադային համերգային ծրագրով, որին մասնակցելու են հանրահայտ երգիչ-երգչուհիներ։ Բոլորին հրավիրում ենք Ամանորը սկսել հենց այս միջոցառումով»,- նշեց Արամ Սուքիասյանը։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17։00-ին Կարապի լճում հանդիսավորությամբ բացվելու է սահադաշտը։

Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։ Տոնական համերգին մասնակցելու են հանրահայտ երգիչներ ու խմբեր։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այդ գիշեր մետրոպոլիտենն աշխատելու է մինչև ժ. 02։00-ը ։

Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է լինելու հատկապես մանուկների համար։ Ժամը 15։00-ից մեկնարկող միջոցառմանը ելույթ կունենան ոչ միայն փոքրիկներն ու մանկական խմբերը, այլև վաստակավոր, ժողովրդական արտիստներ, ովքեր կկատարեն մանկական երգեր, նաև դուետներ՝ այն պատանի երգիչ-երգչուհիների հետ, ովքեր հաջողություններ ունեն երգարվեստում, տեղական ու միջազգային մրցույթներում։

Սուրբծննդյան տոնին այս տարի ևս թեմատիկ համերգ է ծրագրված։ Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակի բեմում ելույթ կունենան ազգային երգի ու պարի, ինչպես նաև հոգևոր երաժշտություն կատարող համույթներ։

Միջոցառումների ամփոփիչ համերգը հունվարի 13-ին է, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ։-0-