Վարչապետ․ Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում, դիվանագիտական լուծում չունի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի։
«Մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Եվ բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավելևս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված»,- ասաց նա։
«Այն ինչի հետ մենք համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես, որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»,-ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանն այսօր ասում է՝ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի, համաձայն չէ, և հայտնեց, որ այստեղ խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ։
«Հետևաբար՝ պաշտպանել Արցախը, նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները։ Իսկ սա առաջին հերթին նշանակում է՝ զենք վերցնել և կռվել՝ հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի։ Ընդ որում, ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին»,- ասաց նա։-0-