Վարչապետի խոսնակը պարզաբանել է` արդյոք նախատեսվո՞ւմ են COVID-19-ի թեստավորումներ կառավարությունում
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը տեղեկություններ է հայտնել այն մասին, թե արդյոք նախատեսվում են թեստավորումներ կառավարությունում, թե՝ ոչ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով»,- նշել է քարտուղարն իր Facebook-յան էջում:
Գևորգյանը նաև հայտնել է, որ վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է»,- նշել է Մանե Գևորգյանը:
Հայաստանում հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով:-0-