Ոստիկանություն. ՀՀ-ում ավելի քան 5,6 հազ. անձի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ապրիլի 3-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 4-ի ժամը 9-ը՝ 5665 անձի նկատմամբ, 2441-ը՝ մայրաքաղաքում, 3224-ը՝ մարզերում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- նշում են գերատեսչությունից:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 4-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 770 հաստատված դեպք։ Բուժվել է 43 մարդ, 7-ը, ցավոք, մահացել։-0-