Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի ոստիկանությունը հորդորում է ակցիայի մասնակիցներին չապակայունացնել իրավիճակը

23.06.2015, 20:51
Հայաստանի ոստիկանությունը հորդորում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի կազմակերպիչներին զերծ մնալ օրինականության ցանկացած խախտումներից, այդ թվում` ոստիկանության օրինական պահանջները չկատարելուց և անհնազանդության դրսևորումներից, քաղաքացիներին չտանել ոստիկանության հետ բախումների, զգացմունքային բնույթի շահարկումներով արհեստականորեն չապակայունացնել իրավիճակը:
Հայաստանի ոստիկանությունը հորդորում է ակցիայի մասնակիցներին չապակայունացնել իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանությունը հորդորում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի կազմակերպիչներին զերծ մնալ օրինականության ցանկացած խախտումներից, այդ թվում` ոստիկանության օրինական պահանջները չկատարելուց և անհնազանդության դրսևորումներից, քաղաքացիներին չտանել ոստիկանության հետ բախումների, զգացմունքային բնույթի շահարկումներով արհեստականորեն չապակայունացնել իրավիճակը:

«Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաքը, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ»,– ասվում է Ոստիկանության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Երևանի Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ գտնվում է ՀՀ նախագահի նստավայրը, դեպքի վայրից հայտնում է «Նովոստի Արմենիա» գործակալության թղթակիցը։ Որոշ գնահատականներով` էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքողների թիվը գերազանցում է մի քանի հազարը։ Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք:

«Հավաքի կազմակերպիչներին կրկին հիշեցնում ենք, որ նրանք անձնական պատասխանատվություն են կրում հավաքի մասնակիցների իրավունքների և անվտանգության ապահովման համար: Հիշենք, որ բոլորս նույն երկրի քաղաքացիներն ենք և պատասխանատու ենք ոչ միայն միմյանց, այլև երկրի անվտանգության և ապագայի համար», – ասվում է հայտարարության մեջ։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–