Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված օգոստոսի 22-ին ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,-նշվում է հաղորդագրության մեջ։