Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի խորհրդարանն ընդունեց ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքը

01.12.2014, 20:18
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի նիստում 68 «կողմ», 1 «դեմ» ձայնով երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց  կառավարության առաջարկած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի փոփոխությունները։

Հայաստանի խորհրդարանն ընդունեց ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքը
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի նիստում 68 «կողմ», 1 «դեմ» ձայնով երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի փոփոխությունները։ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի փոփոխությունները և ուղեկցող օրինագծերի փաթեթը կոչված են լուծել տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրության մի շարք խնդիրներ։ ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նոր օրինագիծը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հատկացման հարաբերությունները, սահմանում է «ժամանակավոր անաշխատունակության նպաստ» հասկացությունը, դրա տեսակները, ինչպես նաև դրանց հաշվարկման, նշանակման և վճարման պայմանները և կարգը Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, գործող իրավական կարգավորման արդյունքում էապես նվազում է այս նպաստների ծախսերի հասցեականությունը։ Մասնավորապես, կորցրած եկամուտը երբեմն փոխհատուցվում է գումարով, որի չափն ավելի մեծ է, քան աշխատակցուհու աշխատավարձը, որը նա կստանար, եթե անաշխատունակության ժամանակահատվածում աշխատեր։ «Խնդիր է նաև այն հանգամանքը, որ չկա որևէ օրենսդրական արգելք, որի շնորհիվ գործատուն չէր կարողանա կնոջը գրանցել նրա դեկրետ գնալուց մի քանի ամիս առաջ։ Այդ բացից, ըստ ամենայնի, օգտվում են գործատուները»,- ասաց նա։ Նա ընդգծեց նաև, որ գործող կարգով պետությունը չի վճարում որևէ գումար չաշխատող կանանց հղիության և ծննդաբերության ժամանակ։ Այսինքն, պետությունը որևէ ֆինանսական օգնություն չի ցուցաբերում չաշխատող կնոջը` հղիության ընթացում։ Այս խնդիրները հաշվի առնելով` կառավարությունն առաջարկում է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստ և դրա առավելագույն մեծությունը սահմանել նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափով։ Այդպիսով` նպաստի չափը կկազմի մոտ 1 մլն. դրամ 2015թ.-ին և մոտ 1,2 մլն.` 2016թ.-ին` հաշվի առնելով այն, որ հիմք է ընդունվում նվազագույն աշխատավարձը` առանց հաշվի առնելու հարկերը։ Ըստ նախարարության տվյալների` ամսական ավելի քան 1 մլն. դրամ ստանում է վերարտադրողական տարիքի 400 կին (ծնված 1974 թ.-ից հետո) կամ այդ տարիքի աշխատող 110 հազար կանանց 0,35%-ը։ Այդպիսով` կանանց միայն այդ խումբը չի կարողանա նպաստ ստանալ աշխատավարձի չափով։ Նպատակ ունենալով նպաստը 100%-ով համապատասխանեցնել 1 մլն. դրամը գերազանցող աշխատավարձին` առաջարկվում է նպաստի մի մասը վճարել աշխատակցուհու և գործատուի միջև պայմանավորվածությամբ։ Ինչ վերաբերում է չաշխատող մայրերին, ապա նրանց համար նպաստը կհաշվարկվի նվազագույն աշխատավարձի հիման վրա (կառավարության հայեցողությամբ, ենթադրաբար` 50%)։ Այդ դեպքում նպաստի ընդհանուր գումարը չաշխատող կանանց համար նախատեսված 140 օրվա համար կկազմի մոտ 138 հազար դրամ: Ընդ որում, «Դաշնակցություն», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մասնակցի քվեարկությանը։ Ինչին ի պատասխան` փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ օրենքում բոլոր վիճելի պահերը սրբագրվել են և դրական փոփոխություններ են կատարվել, որոնց արդյունքում աշխատող հղի կանայք չեն տուժի ֆինանսական առումով։ ($1 – 435,26 դրամ)։ –0—