Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+3

Յակուտիայում բացվել է աշխարհում ամենահյուսիսային հայկական եկեղեցին

08.09.2014, 13:24
Յակուտսկում բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու տաճարը, որն աշխարհում ամենահյուսիսայինն է և կառուցվել է հավերժական սառածության տարածքում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հաղորդվում է Սախա հանրապետության (Յակուտիա) կառավարության կայքում:
Յակուտիայում բացվել է աշխարհում ամենահյուսիսային հայկական եկեղեցին
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Յակուտսկում բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու տաճարը, որն աշխարհում ամենահյուսիսայինն է և կառուցվել է հավերժական սառածության տարածքում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հաղորդվում է Սախա հանրապետության (Յակուտիա) կառավարության կայքում:

Նշվում է, որ տաճարի առաջին հիմնաքարը դրվել է 2011 թ.-ի հունիսին: Տաճարի շինարարական նյութերը (քարերը, ապակին, փայտը, ինչպես նաև խաչը) բերվել են Հայաստանից: Տաճարի շինարարության վրա ծախսվել է 100 մլն ռուբլի, որոնք հավաքել են հայկական սփյուռքի բարերարներն ու ծխականները, որոնք բնակվում են հանրապետության տարածքում:

Տաճարի բարձրությունը 27 մետր է: Այն կոչվել է «Սուրբ Կարապետ»:

«Յակուտսկում բացվել է ամենահյուսիսային հայկական եկեղեցին: Տեղի հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և տոնակատարության հյուրերի ներկայությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսական թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եկեղեցու օծման կարգ ու ժամերգություն է մատուցել», - հաղորդվում է կայքում:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև հանրապետության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սոլովյովը, Յակուտիայում հայկական սփյուռքի ղեկավար Խորեն Սահակյանը, հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և այլ հոգևոր և աշխարհիկ հյուրեր։

Հաղորդվում է, որ նոր եկեղեցու մոտակայքում տեղադրվել են մեր օրերի հայտնի հայերի՝ Արկտիկայի և Անտարկտիկայի հայտնի հետազոտող Արթուր Չիլինգարովի և Ռուսաստանի ու Յակուտիայի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանի կիսանդրիները:

Նշվում է նաև, որ այս տարվա դեկտեմբերին եկեղեցու տարածքում նախատեսվում է բացել հասարակական կենտրոն, որտեղ կգործեն կիրակնօրյա դպրոց, ձայնագրման ստուդիա, Յակուտիայի հայերի միության գրասենյակը: Կիրակնօրյա դպրոցում տարբեր ազգության երեխաներ կկարողանան ուսումնասիրել գրականություն, մշակույթ, Յակուտիայի և Ռուսաստանի պատմությունը:-0-