Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Երևանի բնակիչների ավելի քան կեսը գործազրկությունը մայրաքաղաքի բնակչության գլխավոր մարտահրավերն է համարում. հարցում

14.03.2013, 16:40
Երևանի բնակիչների ավելի քան 50 տոկոսը կարծում է, որ գործազրկության հաղթահարումն ամենագլխավոր մարտահրավերն է, որն այսօր կանգնած է մայրաքաղաքի բնակչության առջև, վկայում են Gallup International Association–ի կողմից անցկացված սոցհարցման երկրորդ փուլի տվյալները։
Երևանի բնակիչների ավելի քան կեսը գործազրկությունը մայրաքաղաքի բնակչության գլխավոր մարտահրավերն է համարում. հարցում
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի բնակիչների ավելի քան 50 տոկոսը կարծում է, որ գործազրկության հաղթահարումն ամենագլխավոր մարտահրավերն է, որն այսօր կանգնած է մայրաքաղաքի բնակչության առջև, վկայում են Gallup International Association–ի կողմից անցկացված սոցհարցման երկրորդ փուլի տվյալները։

Gallup International Association–ի հարցումն անցկացվել է մարտի 9-11–ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1066 բնակիչների շրջանում։ Հաշվարկների սխալ լինելու հավանականությունը կազմում է 3 տոկոս։

Ըստ Gallup International Association–ի հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցի`պատասխանողների 37 տոկոսը որպես բնակչության համար գլխավոր մարտահրավեր նշել է գնաճը, 19 տոկոսը` կոռուպցիան, 13 տոկոսը` կրթության համակարգի վիճակը, 12 տոկոսը` միգրացիան, 10 տոկոսը` բուժհաստատությունների վիճակը, 10 տոկոսը` բարձր հարկերը, 2 տոկոսը` աշխատավարձերի ցածր մակարդակը, 1 տոկոսը` կենսաթոշակների ցածր մակարդակը։

«Ինչ վերաբերում է քաղաքի խնդիրներին, ապա երևանցիների 27 տոկոսը որպես գլխավոր խնդիր նշում է աղբահանությունը, 22 տոկոսը` հանրային տրանսպորտի ոլորտը, 17 տոկոսը` բնապահպանական խնդիրները, 10 տոկոսը` ԲԿՏ բարձր սակագները, 5 տոկոսը` արտակարգ իրավիճակները, 3 տոկոսը` հանցավորության աճը, 1–ական տոկոս` ճանապարհների և շենքերի վիճակը»,– ասաց նա հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Դաջունցը նշեց, որ հարցվածների 27 տոկոսը որպես դրական փոփոխություն նշել է մայրաքաղաքի կանաչապատումը, 14 տոկոսը` նոր նստարանների տեղադրումը, 14 տոկոսը` Երևանի արտաքին տեսքի բարելավումը, 13 տոկոսը` փողոցների և շենքերի մաքրումը, 12 տոկոսը` բակերի բարեկարգումը, 8 տոկոսը` լուսավորումը, 7–ական տոկոսը` ճանապարհների և մայթերի նորոգումը, խաղահրապարակների կառուցումը, 6–ական տոկոս` ասֆալտապատումը, այգիների բարեկարգումը, 5 տոկոսը` նոր շենքերի կառուցումը, 3 տոկոսը` ավտոբուսների թվի աճը։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանն իր հերթին հայտնեց, որ մայրաքաղաքի ամենաբարեկարգ վարչական շրջանները կանաչ տարածքների, լուսավորության, անվտանգության, մաքրության և ճարտարապետական տեսքի առումով Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններն են, իսկ ամենաանբարեկարգը` Նուբարաշենն ու Շենգավիթը։

Նա ընդգծեց նաև, որ 2012 թվականի նոյեմբերի վերջին անցկացված մայրաքաղաքի խնդիրների բացահայտմանը նվիրված առաջին փորձնական հետազոտության արդյունքների համեմատ հարցման արդյունքներն ընդհանուր առմամբ էական փոփոխություններ չեն կրել։ -0-