Երևանի Հանրապետության Հրապարակի վերակառուցումը ժամանակավրեպ է. Հայաստանի ճարտարապետների միություն
05.06.2013,
14:11
Երևանի Հանրապետության Հրապարակի վերակառուցումը վտանգավոր է, քանի որ կարող է աղավաղել մայրաքաղաքի կենտրոնի ճարտարապետական տեսքը, կարծում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Հանրապետության Հրապարակի վերակառուցումը վտանգավոր է, քանի որ կարող է աղավաղել մայրաքաղաքի կենտրոնի ճարտարապետական տեսքը, կարծում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ է հայտարարել։ Մրցույթի արդյունքներով կընտրվեն նախագծման լավագույն այն առաջարկները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին: Առաջարկությունները պետք է հաշվի առնեն այն, որ հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի` իր բոլոր բացասական ազդեցություններով:
«Քանի որ մրցույթի պայմանները հստակ ձևավորված չեն և դրանցում հրապարակի վերակառուցման հնարավոր փոփոխությունների վերաբերյալ սահմանափակումներ չեն նշվում, չի բացառվում, որ մրցույթին կարող են լայնածավալ փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ ստացվել, որոնք Երևանին բացարձակապես պետք չեն։ Ավելին, նման փոփոխությունները կարող են անուղղելի վնաս հասցնել հրապարակի պատմաճարտարապետական անսամբլին»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։
Բացի այդ, նա տեղեկացրեց, որ ճարտարապետները քննարկում են հրապարակի տարածքի տակ ավտոտրանսպորտային միջոցների ստորգետնյա կայանատեղիի շինարարության հնարավորությունը։ «Մինչդեռ այդ տեղում հնարավոր է հնագիտական շերտերի առկայությունը, որը պարտադիր պետք է նախապես ուսումնասիրվի մասնագետների կողմից»,– ասաց նա։
Միության ղեկավարը նաև ժամանակավրեպ է համարում տվյալ մրցույթի անցկացումն այն ժամանակ, երբ մայրաքաղաքում մեծ քանակով անբարեկարգ փողոցներ կան։
Տեղեկացնելով, որ մրցույթն ուղղված է նախևառաջ դեպի հրապարակ տանող տրանսպորտային հոսքի թեթևացմանը, Մինասյանն ասաց, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել առանց անդրադառնալու հրապարակի տարածքին։
«Դրա համար հրապարակը վերակառուցելու փոխարեն ես կառաջարկեի վերակառուցել դրան տանող փողոցները։ Կարծում եմ, այդպիսով կհաջողվի լուծել քաղաքի այդ հատվածի տրանսպորտի երթևեկության խնդիրը»,– ասաց նա։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետներ, ստեղծագործական խմբեր և ճարտարապետների արհեստանոցներ և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներ։
Հայտերն ընդունվում են 2013թ.–ի մայիսի 29–ից մինչև օգոստոսի 29–ն ընկած ժամանակահատվածը։ –0–