Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանում գյուղմթերքի երրորդ տոնավաճառը կբացվի

19.12.2012, 17:32
Երևանի «Մալիբու» սրճարանի տարածքում գյուղմթերքի երրորդ տոնավաճառն է բացվելու, հայտնում են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։
Երևանում գյուղմթերքի երրորդ տոնավաճառը կբացվի
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի «Մալիբու» սրճարանի տարածքում գյուղմթերքի երրորդ տոնավաճառն է բացվելու, հայտնում են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։

Տոնավաճառը կանցկացվի դեկտեմբերի 22–ից 30–ը։ Բացման արարողությանը կմասնակցեն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են որոշակի քայլեր։

Մասնավորապես, մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառների մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվելու են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ:

Առաջին անգամ գյուղմթերքի տոնավաճառ է անցկացվել Երևանի Էրեբունի համայնքում 2008 թվականի հուլիսին, սակայն շարունակական չի եղել։ 2011 թվականին գյուղմթերքի առաջին տոնավաճառը սկսել է գործել Արաբկիր վարչական շրջանում` Կասյան փողոցին հարող հրապարակում։ Տոնավաճառին ներկայացվել էր մոտ 40 տեսակի գյուղատնտեսական ապրանքներ երկրի 200 մենատնտեսություններից, այդ թվում` միրգ, բանջարեղեն, հատապտուղներ, մեղր և այլ արտադրանք։

Երկրորդ տոնավաճառը բացվել է 2012 թվականին` Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցում։

Երևանի երկու գյուղատնտեսական տոնավաճառներին 2012 թվականին մասնակցել է 7357 ֆերմերային տնտեսություն։

Գյուղմթերքի տոնավաճառը կազմակերպվում է Հայաստանի նախագահի հանձնարարականով և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ` սպառողի համար գյուղմթերքը հասանելի դարձնելու նպատակով։