Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել ՀՖՖ նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այսօր հրաժարական տվեց Հայաստանի հավաքականի վերջին անհաջողությունների ֆոնին, ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ընդունեց նրա հրաժարականը, տեղեկացրեց գործադիր կոմիտեի անդամ Ռուբեն Ռուբինյանը։
Նոյեմբերի 18–ին Եվրո–2020–ի ընտրական փուլի շրջանակում Պալերմոյում կայացած Իտալիա–Հայաստան հանդիպումն ավարտվեց 9։1 հաշվով` հօգուտ իտալացիների։ Սա Հայաստանի հավաքականի ամենախոշոր պարտությունն է։ 1948թ.–ից հետո առաջին անգամ Իտալիայի հավաքականը խփեց միանգամից 9 գոլ մեկ հանդիպման ժամանակ։
«Այսօր տեղի ունեցավ ֆեդերացիայի նիստը, որին մասնակցեցին գործկոմի գրեթե բոլոր անդամները։ Նիստը նվիրված էր Հայաստանում ֆուտբոլի հետ կապված իրավիճակին։ Դուք բոլորդ գիտեք, որ մեր հավաքականն Իտալիայում կրեց պարտություն աննախադեպ հաշվով` 9։1, որը մեծ մտահոգություն առաջացրեց մեզ մոտ, և պետք էր գտնել այս հարցերի լուծումները», – ասաց Ռուբինյանը։
Վանեցյանն իր հերթին տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում նա, որպես ՀՖՖ նախագահ, առաջարկել է գործկոմի անդամներին ընդունել իր հրաժարականը։
Ռուբինյանն իր հերթին ավելացրեց, որ գործկոմը եկավ այն եզրակացության, որ ֆեդերացիան և հայկական ֆուտբոլը պետք է անցնեն առողջացման գործընթաց։
«Վանեցյանի հրաժարականից հետո որոշում է ընդունվել, որ դեկտեմբերի 23–ին կհրավիրվի ժողով, որի ընթացքում կընտրվի ՀՖՖ նախագահ և նոր գործադիր կոմիտե։ Այսինքն, գործկոմն այդ պահից կդադարի գործել», – հայտարարեց նա։
Նա նաև նշեց, որ գործկոմում ներկայացված հասարակական կազմակերպությունների մի մասը կապ չունի ֆուտբոլի հետ, իսկ մյուսների կապը կասկածի տակ է, և մաքրման գործընթացը պետք է ապահովի երկրում ֆուտբոլի առողջացում։
«Կարծում եմ, որ նոր նախագահին պետք է ընտրի ֆուտբոլային հանրությունը, իսկ գործադիր կոմիտեն պետք է վայելի վստահություն», – ասաց նա։
Վանեցյանն իր հերթին ավելացրեց, որ մեկ ամսվա ընթացքում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կիրականացնի «ֆիկտիվ հասարակական կազմակերպությունների բացահայտմանն» ուղղված աշխատանքներ։
Արդո՞ք որոշումը քաղաքականացված էր
«Մեր քննարկումների և որոշումների պատճառները բացառապես ֆուտբոլային էին։ Դա պետք է արձանագրել։ Վանեցյանի հրաժարականը բացառապես ֆուտբոլային է», – ասաց Ռուբինյանը։
Վանեցյանն իր հերթին կոչ արեց չքաղաքականացնել այս գործընթացը։
«Եթե մեր հարաբերությունները լարված լինեին, մենք կանգնած չէինք լինի իրար կողք և հանգիստ չէինք խոսի։ Ով ինչ հայտարարարություններ է անում քաղաքական դաշտում և ինչ գործողություններ է ձեռնարկում, իր անձնական գործն է։ Մենք այստեղ քննարկում էինք բացառապես ֆուտբոլային հարցեր։ Ես ինքս եմ առաջարկել հեռանալ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Ինչ–որ մեկը պետք է պատասխանատվություն կրեր հետևանքների համար», – հայտարարեց Վանեցյանն` ավելացնելով, որ չի առաջադրի իր թեկնածությունը որպես գործադիր կոմիտեի անդամ։
«Համենայն դեպս այս փուլում ես որևէ կապ չեմ ունենա Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ», – ասաց Վանեցյանը։–0–