Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում կսկսի ձևավորվել ֆուտբոլի կանանց հավաքական

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում կսկսի ձևավորվել ֆուտբոլի կանանց հավաքական, երեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադևոսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Նրա խոսքով, ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա արդեն այս աշնանը։
«Այս պահին Հայաստանում գործում է մինչև 19 տարեկանների աղջիկների հավաքական, որը պատրաստվում է Բոսնիա և Հերցեգովինայում կայանալիք առաջնությանը, իսկ այս տարվա սեպտեմբերից կձևավորվի մինչև 17 տարեկանների հավաքական, որը կմասնակցի ՈւԵՖԱ–ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին» – նշել է Թադևոսյանը։
ՀՖՖ Ազգային հավաքների համակարգող և մեթոդաբանության ղեկավար Ռուբեն Լեզկանն իր հերթին նշել է, որ կարծրատիպերի դեմ աշխատանքում շատ կարևոր է իրականացնել կրթական ծրագրեր։
«Հայաստանի խնդիրն այն է, որ ֆուտբոլը համարվում է տղամարդու աշխարհ։ Մենք փորձում ենք լուծել խնդիրն` առաջին հերթին շեշտը դնելով կրթության վրա։ Մենք աշխատում ենք անմիջապես կանանց հետ, ովքեր գալիս են հատուկ դասախոսությունների», – նշել է Լեզկանը։–0–