Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Պետբյուջեից ավելի քան 71 մլն դրամ է հատկացվել Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման համար

24.06.2021, 18:04
Պետբյուջեից ավելի քան 71 մլն դրամ է հատկացվել Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման համար
Պետբյուջեից ավելի քան 71 մլն դրամ է հատկացվել Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում: 

«Օբյեկտի շինարարական նախագծային արժեքը կազմել է շուրջ 310 մլն դրամ, որից վազքուղիների նորոգման աշխատանքներինը՝ շուրջ 243 մլն դրամ: Վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ, իսկ անհրաժեշտ գումարի մյուս մասը տրամադրել են Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և բարերարները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Դեռևս 2010 թվականին Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայում քննարկվել է Հայաստանում սինթետիկ ծածկույթով վազքուղի ունեցող աթլետիկայի մարզադաշտ կառուցելու հնարավորությունը, հանրապետության մարզադաշտերում կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որից հետո ներդրումային ծրագիր իրականացնելու որոշում է կայացվել: Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և Աթլետիկայի միջազգային հիմնադրամը դարձել են տվյալ նախագծի գործընկերները, և ընդհանուր ներդրումը կազմել է 160000 ԱՄՆ դոլար, ինչը, սակայն, չի բավարարել աշխատանքների իրականացման համար: Խնդրի լուծումը տարբեր պատճառներով ձգձգվել է մինչև այս տարի: 

Միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ: Բացի դրանից՝ ժամանակակից տեխնիկական կառույցների առկայությունը կնպաստի մարզաձևի զարգացմանը և հայ մարզիկների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելուն: 

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկ այլ որոշմամբ՝ արտադպրոցական դաստիարակության ծրագիր իրականացնող «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» և «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ներին հատկացվել է 5 մլն 645 հազար դրամ՝ հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:–0–