Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

«Մոնակոն» 6 մլն եվրո է առաջարկել Օզբիլիսի համար, ինչը խնդիր է առաջացրել գործակալի և «Կուբանի» միջև

13.07.2013, 12:17
«Մոնակո» ֆրանսիական ակումբը Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի համար 6 մլն եվրո է առաջարկել, հայտնել է գործակալ Դմիտրի Սելյուկը, ում պատկանում է խաղացողի իրավունքների 50 տոկոսը։
«Մոնակոն» 6 մլն եվրո է առաջարկել Օզբիլիսի համար, ինչը խնդիր է առաջացրել գործակալի և «Կուբանի» միջև
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Մոնակո» ֆրանսիական ակումբը Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի համար 6 մլն եվրո է առաջարկել, հայտնել է գործակալ Դմիտրի Սելյուկը, ում պատկանում է խաղացողի իրավունքների 50 տոկոսը։

«Իրավիճակը հետևյալն է` կիսապաշտպանի իրավունքները պատկանում են հավասարապես երկու կողմերին` «Կուբանի» նախագահ Օլեգ Մկրտչյանին և ինձ։ Իրերի դասավորվածությունը շատ նման է այն իրավիճակին, որը ստեղծվել էր մեկ այլ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ, ում իրավունքները նույնպես մասամբ պատկանում էին «Կուբանի» նախագահին։ «Շախտյորի» ղեկավարությունն ամբողջովին հայտնում և համաձայնեցնում էր բոլոր հարցերը Մկրտչյանի հետ։ Ներկայում իրավիճակը նույնն է, բայց Օլեգը ճիշտ չի վարվում, քանի որ, առաջարկ ստանալով «Մոնակոյից», նա ինձ` իրեն հավասար իրավատիրոջը, չի իրազեկել», Սելյուկին է մեջբերում ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։

Գործակալի խոսքով, երբ Օզբիլիսն անցնում էր հոլանդական «Այաքսից» «Կուբան», խաղացողի և ակումբի միջև պայմանավորվածություն կար այն մասին, որ 6 մլն եվրոյի առաջարկի դեպքում ակումբը նրան ընտրության ազատություն է երաշխավորում։

«Պայմանագրով Մկրտչյանը կամ պետք է բաց թողնի Օզբիլիսին, օրինակ, «Մոնակո», կամ առնվազն գումար վճարի մյուս կողմին և հանձնի խաղացողի նկատմամբ իրավունքները։ Ես Մկրտչյանին առաջարկել եմ ցանկացած տարբերակը` կամ մենք նրան վճարում ենք 3 մլն եվրո, կամ նա` մեզ, բայց նա ոչինչ չի ցանկանում անել ու չի փորձում լուծել խնդիրը։ Օզբիլիսին արգելել են, որ ես լինեմ նրա ներկայացուցիչը, սակայն ինքը Արազը բազմիցս ասել է, որ իրավիճակը նրան վշտացնում է։ Նա միաժամանակ ցանկանում է տեղափոխվել «Մոնակո»»,– ասել է նա։

Սելյուկն ավելացրել է, որ բացի «Մոնակոյից» կա ևս մեկ ակումբ, որը ցանկանում է ձեռք բերել Օզբիլիսին և պատրաստ է վճարել ավելի, քան առաջարկում են «Մոնակոյի» ներկայացուցիչները, բայց նա չի կարող նշել այդ ակումբի անունը։

Հարկ է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը հունիսի 20–ին սոցցանցերի ներկայացուցիչների և բլոգերների հետ հանդիպմանը նույնպես հայտնել էր Օզբիլիսի և «Կուբանի» ղեկավարության միջև ծագած խնդրի մասին։

Հայրապետյանի խոսքով, «Կուբանի» կազմում լավ խաղից հետո Օզբիլիսը որոշել է իր գործակալի հետ պայմանագրի ավարտից երկու տարի առաջ պահանջել աշխատավարձի ավելացում, և ինքը ներկայում փորձում է ինչ–որ կերպ օգնել հարթել խնդիրը։ «Տեսնում եմ, որ խնդիրը Արազի համար պատժով, պահեստայինների աթոռին հայտնվելու կամ փոխարինմամբ կավարտվի»,– նկատել է Հայրապետյանը։

Նախորդ խաղաշրջանում 23–ամյա Օզբիլիսը 22 խաղ (16` մեկնարկային կազմով) է անցկացրել ռուսական պրեմիեր–լիգայում, ինը գնդակ է խփել և չորս գոլային փոխանցում է կատարել։ -0-