Մովսիսյանը վերականգնվում է վնասվածքից հետո և սեպտեմբերի 10–ից կանցնի ինտենսիվ աշխատանքի. «Սպարտակ»
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վերականգնվում է վնասվածքից հետո և սեպտեմբերի 10–ից կանցնի ինտենսիվ աշխատանքի, նշված է «Սպարտակի» պաշտոնական կայքում։
Հուլիսի սկզբին Մովսիսյանը աջ ծնկահոդի արթրոսկոպիկ բուժզննում է անցել` հոդի կապսուլայի արտաքին հատվածի հետագա պլաստիկ վիրահատությամբ։ Ենթադրվում էր, որ հետվիրահատական շրջանը կտևի մինչև երկու ամիս։
«Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վատապետովի խոսքով, Մովսիսյանը սեպտեմբերի 10–ից պետք է անցնի ինտենսիվ աշխատանքի ֆիզպատրաստության մարզչի գլխավորությամբ։
«Հարձակվողը բաց է թողել խաղաշրջանի ամբողջ նախապատրաստական ընթացքը և ընդհանուր խումբ վերադառնալուց առաջ պետք է համապատասխան մարզավիճակ ունենա»,– ասվում է հաղորդագրությունում։
Այժմ Հայաստանի հավաքականի մարզիկն աշխատում է երկանգամյա ռեժիմով։
Մովսիսյանը «Սպարտակ» է տեղափոխվել 2012 թվականի դեկտեմբերին։ Նախորդ խաղաշրջանում Հայաստանի հավաքականի հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 30 խաղ և 18 գնդակ է խփել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:07 27.08.2014