Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Առաջին կիսամյակում Հայաստան է այցելել մոտ 496 հազար զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջելու նպատակով երկրից մեկնել է մոտ 475 հազար մարդ

13.08.2014, 14:49
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 495 967 զբոսաշրջիկ, ինչը 17,3 տոկոսով պակաս է 2013թ.-ի ցուցանիշից, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:
Առաջին կիսամյակում Հայաստան է այցելել մոտ 496 հազար զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջելու նպատակով երկրից մեկնել է մոտ 475 հազար մարդ
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 495 967 զբոսաշրջիկ, ինչը 17,3 տոկոսով պակաս է 2013թ.-ի ցուցանիշից, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում զբոսաշրջելու նպատակով Հայաստանից մեկնել է 474 989 մարդ, ինչը 14,8 տոկոսով շատ է 2013թ.-ի ցուցանիշից: Միաժամանակ պահպանվում է դրական սալդոն:

«Զբոսաշրջիկների թվի աճին հիմնականում նպաստել են բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը, ոլորտում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, զբոսաշրջության միջազգային շուկայում Հայաստանի հասանելիության մակարդակի բարձրացումը, մասնավորապես՝ բարենպաստ վիզային ռեժիմն ու «բաց երկնքի» քաղաքականությունը», - ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ էական ազդեցություն են ունեցել ենթակառուցվածքների զարգացումը, տուրիստական ապրանքների դիվերսիֆիկացիան, միջազգային շուկայում Հայաստանի ճանաչելիությունը, երկրում անվտանգության բարձր մակարդակը:

Նա նաև ընդգծեց, որ ավելացել է Հայաստան այցելող երիտասարդ զբոսաշրջիկների  թիվը:

«Եթե 2006թ.-ին ընդհանուր հոսքում 25-36 տարեկան երիտասարդ զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմում էր  ընդամենը 6 տոկոս, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 34 տոկոսի, ինչը այլընտրանքային տուրապրանքների ստեղծման արդյունք է: Դա ոչ միայն դասական զբոսաշրջությունն է, այլ նաև` տարատեսակ փառատոները, քաղաքային և գյուղական, արկածային, գաստրոնոմիկ զբոսաշրջությունը, զարգացող ուղղությունները՝ պլաներիզմ, ալպինիզմ, արշավներ», - ասաց Ապրեսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ զբոսաշրջիկների շրջանում անցկացված ընտրովի հարցումների համաձայն՝ հիմնական մասը (մոտ 60 տոկոս) ծագումով հայեր են:

Ինչ վերաբերում է աշխարհագրական դասավորությանը, ապա ինչպես նշեց Ապրեսյանը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական մասը (մոտ 44 տոկոս) ժամանում են Ռուսաստանինից, 28 տոկոսը՝ Վրաստանից, 12-14 տոկոսը՝ ԵՄ երկրներից (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Սկանդինավյան երկրներ), 7 տոկոսը՝ Իրանից:

Միաժամանակ արտերկիր մեկնող հայերը նախընտրում են ծովափնյա հանգիստը, առավել տարածված են մոտ գտնվող և մատչելի վրացական սևծովյան հանգստավայրերը:

«Վերջին շրջանում աճել են այլընտրանքային ուղղությունները և հաճախակի են դարձել այցելություններն այլ ծովափնյա էկզոտիկ երկրներ, որոնց թվում են Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բուլղարիան, Շրի Լանկան: Միաժամանակ Թուրքիայում հանգիստն անցկացնելու պահանջարկն աստիճանաբար նվազում է այլընտրանքային ուղղությունների հաշվին», - ասաց Ապրեսյանը:

Վիճակագրությունը ներկայացված է նոր տվյալների հիման վրա, որոնք հաշվարկվել են սահմանում արձանագրված այցերի վիճակագրական ուսումնասիրության շրջանակում: Նախագիծն իրականացրել են ԱՎԾ-ն, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, USAID EDMC-ի (ձեռներեցության և շուկայի մրցունակության զարգացման ծրագիր), Միջազգային համագործակցության գերմանական միությունը (GIZ) և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության միջազգային կազմակերպության մեթոդաբանության հիման վրա: -0-