«Հայոց գրերի երթի» շնորհիվ Երևանի կենտրոնը զբոսաշրջիկների համար կդառնա ավելի գրավիչ
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. «Հայոց գրերի երթ» արտ–ռելիեֆ նախագծի շնորհիվ Մաշտոցի պողոտայի և Մատենադարանի միջև ընկած հատվածը կդառնա ավելի գրավիչ մայրաքաղաքի հյուրերի և երևանցիների համար, ուրբաթ նախագծի հանդիսավոր գործարկման ընթացքում ասաց նախաձեռնության հեղինակ, imyerevan.com տեղեկատվական–ճանաչողական պորտալի տնօրեն Գայանե Մանուկյանը։
Նախագծի իրականացման վայրը Մատենադարանի հարևանությամբ գտնվող Մեսրոպ Մաշտոցի 51 հասցեից մինչև Սարմենի հատող փողոց տանող մասում գտնվող պատն է՝ Երևանի կենտրոնական հատվածներից մեկը: «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի շրջանակներում տարիներ շարունակ անշուք և անտեսված պատի խորշերում երկարաժամկետ աշխատանքներից հետո տեղադրվեցին մեսրոպյան այբուբենի տառերը: Մեսրոպատառ գրերը չժանգոտվող մետաղից են, իսկ դրանք պարուրող հայկական զարդանախշերը` արույրից:
«Հայոց գրերի երթ» նախագծի էսքիզների հեղինակն է նկարիչ, դիզայներ, կալիգրաֆիայի մասնագետ Վահան Բալասանյանը:
«Հայոց գրերի երթն» իրականացվել է «Մի պատի պատմություն» լայնամասշտաբ նախագծի շրջանակում։ Տարին մեկ անգամ պատի ինստալիացիան թարմացվելու է։ Բնականաբար, առաջինը նվիրված է հայկական այբուբենին», – ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` նախագիծն ուղղված է Երևանի մթնոլորտի բարելավմանը, քաղաքի ժամանակակից խորհրդանիշերի ստեղծմանն ու ազգային արժեքներն ավելի հանրաճանաչ դարձնելուն։
«Այս վայրում սովորաբար կանգնում են տուրիստական ավտոբուսները, և մտածելով այստեղ գտնվող պատի անմխիթար վիճակը շտկելու մասին` մենք որոշեցինք, որ հետաքրքիր արտ–ինստալիացիաների, լուսավորության, տեսախցիկների և Wi-Fi–ի առկայության դեպքում մայրաքաղաքի կենտրոնի այս հատվածը քաղաքի հյուրերի վրա կթողնի դրական տպավորություն», – ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների ու բարերարների աջակցությամբ։–0–