Քաղավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքը
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Քաղավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս ՀՀ-ում բոոր գրանցված ավիաընկերություններին շրջանցել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները:
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին»,- նշվում է հայտարարության մեջ: ։
Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։
Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, որում եղել է 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել է հունվարի 8–ին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։ Օդանավը Թեհրանից ուղևորվում էր Կիև։ Օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ -0-