Ներդրումային պրոդուկտներ․ հիմնական հասկացությունները, գործիքների առանձնահատկությունները, դրական և բացասական կողմերը

Ներդրումային պրոդուկտներ․ հիմնական հասկացությունները, գործիքների առանձնահատկությունները, դրական և բացասական կողմերը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/ԱՌԿԱ/․ Արդյունավետ ներդրումային ռազմավարությունը ենթադրում է ֆինանսական գործիքների ճիշտ ընտրություն՝ հիմնված ձեր նպատակների, արժեքների և ռիսկերի ընկալման վրա: Դա անելու համար պետք է ծանոթանալ որոշ տարբերակներին, գնահատել դրանց առավելություններն ու թերությունները: Դիտարկենք հիմնական ներդրումային պրոդուկտները։

Բաժնետոմսեր․ դրանք արժեթղթեր են, որոնք գնելով՝ ներդրողը ստանում է ընկերության բաժնեմասը և շահույթի մի մասը՝ ըստ էության դառնալով համասեփականատեր։ Բաժնետոմսերը լինում են երկու տեսակ՝ սովորական և արտոնյալ: Երկու դեպքում էլ սեփականատերերը ստանում են վճարումները (շահաբաժիններ) արժեթղթի արժեքի բարձրացման ժամանակ և գույքի մի մասն ընկերության լուծարման դեպքում։ Արտոնյալ բաժնետոմսերի գնումը դրա համար առաջնահերթ իրավունքներ է տալիս: Դրանց համար վճարումների չափը ամրագրված է պայմանագրում կամ սահմանվում է հատուկ հաշվարկային բանաձևի միջոցով: Սովորական բաժնետոմսեր ունեցող ներդրողները իրենց հերթին իրավունք ունեն մասնակցել ժողովներին և քվեարկել։

Արժեթղթեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է հաշիվ բացել բրոքերի միջոցով՝ միջնորդ ընկերության, որը լիցենզավորված է ֆոնդային բորսայում առևտուր իրականացնելու համար: Շուկայի նման մասնակիցներ են բանկերն ու կազմակերպությունները, որոնք մասնագիտացած են բրոքերային ծառայություններում:

Արժեթղթերում ներդրումներ կատարելու երկու հիմնական մոտեցում կա. Առաջինը՝ պահպանողական, որը նախատեսում է կանոնավոր դիվիդենտների ստացում։ Երկրորդը նախատեսում է գումար վաստակել բաժնետոմսերի գնման և վաճառքի տարբերությունից, երբ դրանց արժեքը մեծանում է:

Фридом Freedom9 (4).jpg

Խելամիտ ներդրում կատարեք բաժնետոմսերում

Արժեթղթեորւմ ներդրում կատարելուց եկամուտ ստանալու համար պետք է հետևել մի քանի սկզբունքների․

– գումար ներդնել կանոնավոր և երկարաժամկետ

– վերաներդնել վճարումները բաժնետոմսերի մեջ՝ կապիտալը մեծացնելու համար

– բաշխել միջոցները տարբեր ակտիվների միջև. ա) գնել տեղական և արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսեր. բ) ներդրումներ կատարել ինչպես ցիկլային (արդյունաբերություն, մետաղագործություն, շինարարություն), այնպես էլ ոչ ցիկլային ոլորտներում, օրինակ՝ առողջապահություն, էլեկտրաէներգիա. գ) գնել փորձ և կայուն բիզնես ունեցող խոշոր ընկերությունների բաժնետոմսեր

– գնելուց առաջ ստուգել բաժնետոմսերի գործակիցները

Չափազանց կարևոր են հետևյալ ցուցանիշները. ընկերության պարտքի հարաբերակցությունը սեփական կապիտալի նկատմամբ (Debt/Equity), որքան ցածր է պարտքը, այնքան լավ, կապիտալի եկամտաբերությունը (ROE), այն պետք է լինի ավելի մեծ, քան գնաճի տոկոսը. շահութաբաժինների վճարման գործակիցը (Payout Ratio), որը ցույց է տալիս, թե ընկերությունը զուտ շահույթի որ մասն է տրամադրում շահաբաժիններին, շահաբաժինների միջին եկամտաբերությունը։

Այս տվյալները հրապարակված են ընկերության պաշտոնական հաշվետվություններում, որոնք կարելի է գտնել կայքում, ֆինանսական ռեսուրսներում և ներդրումային հարթակներում: Բրոքերները հաճախ հաճախորդներին տրամադրում են ընկերությունների մասին ակտուալ տեղեկատվություն:

Բաժնետոմսերում ներդրումներ կատարելու դրական և բացասական կողմերը

Фридом Freedom9 (3).jpg

Բաժնետոմսերը ամենաեկամտաբեր ֆինանսական գործիքներից են: Երկարաժամկետ հեռանկարում և գրագետ ներդրումների դեպքում դուք կարող եք ապահովել արժանապատիվ պասիվ եկամուտ: Բաժնետոմսերի առավելությունն այն է, որ դուք կարող եք սկսել համեմատաբար փոքր գումարներ ներդնելով՝ միաժամանակ դառնալով խոշոր ընկերության բաժնետոմսի համասեփականատեր:

Բաժնետոմսերում ներդրումներ կատարելու հիմնական թերությունը բավականին բարձր ռիսկն է: Առաջին հերթին դա կապված է միջոցներ կորցնելու հնարավորության հետ, ինչը կարող է տեղի ունենալ ընկերության ոչ արդյունավետ գործունեության կամ պորտֆելի ոչ բավարար դիվերսիֆիկացման պատճառով։ Բացի այդ, բաժնետոմսերի գինը կարող է հաճախակի փոխվել, իսկ իրացվելիությունը կարող է նվազել, ինչի պատճառով դրանք դժվար կլինի վաճառել: Ի վերջո, այս գործիքը բավականին բարդ է և պահանջում է լուրջ նախապատրաստություն. գտնել հուսալի բրոքեր, ուշադիր ընտրել արժեթղթեր, այնուհետև վերահսկել ներդրումների արդյունավետությունը և պարբերաբար վերանայել պորտֆելի կազմը:

Պարտատոմսեր․ ներդրումների ավելի պահպանողական միջոցը պարտատոմսեր գնելն է: Դրանք պարտքային արժեթղթեր են, որոնց թողարկողը` թողարկող ընկերությունը կամ պետությունը, ինքնատիպ վարկ է ստանում ներդրողից: Պարտատոմսերն ունեն մարման ժամկետ, այսինքն՝ միջոցների և տոկոսների, այլ կերպ ասած՝ ձեր եկամտի վերադարձի ժամկետ։

Դուք կարող եք շահույթ ստանալ երկու եղանակով՝ կտրոններից և գնման ու վաճառքի գների տարբերությունից: Կտրոնները ավանդի տոկոսների նմանակն են, այսինքն՝ վճարումներ թողարկողից ներդրողին ՝ նրա միջոցներն օգտագործելու համար: Եթե պարտատոմսերը պահել մինչև մարման ժամկետը, ապա կարելի է ճշգրիտ հաշվարկել պարզ եկամտաբերությունը և մոտավորապես որոշել արդյունավետը։

Արժեթղթեր ընտրելիս ուշադրություն դարձրեք թողարկողի ֆինանսական հաշվետվություններին և փորձեք գնահատել նրա հուսալիությունը: Որքան բարձր է եկամտաբերությունը և որքան այն հեռու է միջին շուկայականից, այնքան ավելի ռիսկային են համարվում պարտատոմսերը: Ծանոթացեք խոշոր բանկերի փորձագետների և վերլուծաբանների խորհուրդներին իրենց կայքերում և Telegram ալիքներում: Պարտատոմսերը, ինչպես բաժնետոմսերը, ձեռք են բերվում բրոքերի միջոցով, որի հետ ևս կարող եք խորհրդակցել:

Պարտատոմսերի առավելությունն ու թերությունները

Պարտատոմսերի առավելությունն այն է, որ դրանք բավականին հասկանալի և հուսալի գործիք են, որն ապահովում է կայուն և կանխատեսելի վճարումներ։ Հայաստանում այդ արժեթղթերը երաշխավորված են հատուկ հիմնադրամի կողմից, և դրանցից ստացված եկամուտը չի հարկվում։ Պարտատոմսերը ներդրումային մեխանիզմով նման են ավանդներին։ Ավելին, եթե ակտիվը վաճառեք մինչև մարման ժամկետ, դուք տոկոս չեք կորցնի:

Պարտատոմսերի հիմնական խնդիրը դրանց բավականին ցածր եկամտաբերությունն է, որը թեև գերազանցում է ավանդի տոկոսադրույքը, բայց վստահելի թողարկողների դեպքում համեմատելի է դրա հետ և էապես չի գերազանցում գնաճի մակարդակը։ Պարտատոմսերն, ավելի շուտ, կապիտալի պահպանման, ոչ թե դրա կրկնապատկման գործիք են: Այնուամենայնիվ, դրանք լավ միջոց են՝ հավասարակշռելու պորտֆելի անկայունությունը, այսինքն՝ ակտիվների գների անկայունությունը և միջին արժեքներից շեղումը, հետևաբար՝ նվազեցնելու ռիսկերը։

Фридом Freedom9 (2).jpg

Վախենում եք կորցնել, ձեզ կօգնեն փոխադարձ ներդրումային հիմնադրամները

Նրանք, ովքեր մտահոգված են հնարավոր կորուստների կապակցությամբ, բայց հետաքրքրված են արժեթղթերով, պետք է դիտարկեն փոխադարձ ներդրումային հիմնադրամները: Դրանց գործունեության սկզբունքը հիմնված է պատրաստի պորտֆելի մասնաբաժինների բաշխման վրա բազմաթիվ ներդրողների միջև: Հիմնադրամները կառավարում են օրենսդիր մարմինների կողմից տրված հատուկ լիցենզիա ունեցող կառավարող ընկերությունները:

Կառավարող ընկերությունը որոշում է, թե որ ակտիվներն են ներառվելու պորտֆելում և ինչ համամասնությամբ:

Հիմնադրամներն առաջարկում են գործիքների լայն շրջանակ: Դրանք ներդրումներ են կատարում արժեթղթերում, ինդեքսներում, փողի և ապրանքների շուկաներում, արվեստի արժեքավոր նմուշներում, անշարժ գույքում և այլն: Հիմնադրամները լինում են բաց, որոնք թույլ են տալիս ցանկացած պահի վաճառել և գնել մասնաբաժիններ, և փակ. այստեղ դուք գնում եք ակտիվների մի մասը և սպասում հիմնադրամի ժամկետի ավարտին:

Որո՞նք են փոխադարձ ներդրումային հիմնադրամներում կատարված ներդրումների առավելությունները 

Հիմնադրամներում ներդրում կատարելն ունի մի շարք առավելություններ․

– ֆինանսական գործիքների նկատմամբ հասանելիության և մուտքի ոչ բարձր շեմ, որոնք մասնավոր ներդրողի համար կարող են չափազանց թանկ լինել

– անհատական ծախսերի և ռիսկերի նվազեցում

– հիմնադրամները կառավարվում են պրոֆեսիոնալների կողմից։ Ձեզնից չի պահանջվում արժեթղթերի և շուկայի գործընթացների խորը վերլուծություն

– հիմնադրամների աշխատանքը վերահսկվում է ռեգիստրատորների, աուդիտորների և դեպոզիտարիաների կողմից

– տեղեկատվության հասանելիություն և թափանցիկություն։ Ռազմավարության և հիմնադրամների կառավարման մասին բոլոր տվյալները հրապարակային են։

Իսկ որո՞ նք են թերությունները

Դրանց թվում եմ երաշխավորված եկամտաբերության բացակայությունը (սակայն ներդրում կատարելու ցանկացած միջոց այս կամ այն կերպ կապված է ռիսկի հետ), միջնորդավճարներ հիմնադրամի կողմից ձեր միջոցները կառավարելու համար (հավելումներ, պարգևատրում և ծախսեր)։

ETF հիմնադրամ

Եվս մեկ հայտնի և զարգացող պրոդուկտ է ETF-ը (Exchange traded fund): Սա բորսայական ֆոնդ է, որտեղ արժեթղթերը հավաքված են ինդեքսի հիման վրա, դա ցուցանիշ է, որը մեծապես արտացոլում է ակտիվների առանձին դասի, ոլորտի կամ շուկայի դինամիկան: Այն որոշվում է ցանկացած չափանիշով` աշխարհագրական, ոլորտային, ակտիվներով: Գնելով մասնաբաժին ETF-ում, դուք դառնում եք կոնկրետ ինդեքսում ներառված բոլոր բաժնետոմսերի սեփականատերը:

ETF-ները վաճառվում են բորսայում՝ որպես առանձին արժեթղթեր: Դուք կարող եք դրանք գնել և վաճառել ողջ առևտրային օրվա ընթացքում գերակշռող շուկայական գնով: Սա ETF-ների և փոխադարձ հիմնադրամների հիմնական տարբերություններից մեկն է: Վերջիններս ձեռք են բերվում անմիջապես կառավարող ընկերությունից կամ բորսայում, եթե այնտեղ ներկայացված են։

Ինդեքսային ETF-ների ամենատարածված տեսակներն են պարտատոմսերը: Դրանք կարող են ներառել պետական, կորպորատիվ, մունիցիպալ պարտատոմեր: Ի տարբերություն սովորական պարտատոմսերի, ETF-ները չունեն մարման ժամկետ: Հիմնադրամն ինքը վերահսկում և փոխարինում է մարված արժեթղթերը:

– Բաժնետոմսերը։ Դրանք թույլ են տալիս ներդրողին օգտվել կոնկրետ ընկերության, ոլորտի, երկրի առավելություններից՝ հետևելով իրավիճակին:

– Ոլորտային։ Եթե ​​դուք հետաքրքրված եք շուկայի որոշակի հատվածով (արդյունաբերություն, ՏՏ, գյուղատնտեսություն), բայց չեք կարող որոշել, թե որ բաժնետոմսերը գնել, հարմար է գնել ETF-ի մասնաբաժին՝ ներդրումներ կատարելով միանգամից մի քանի ընկերություններում: Եթե ​​նրանցից մեկը բախվի ճգնաժամի, մյուսների աճը կօգնի մասամբ կամ ամբողջությամբ ծածկել կորուստը։

– Ապրանքային ETF-ներն առաջարկում են գնել հումքային ապրանքներ։ Առավել տարածված են նավթը, մետաղները, բնական գազը։ Սա ճգնաժամից պաշտպանվելու օպտիմալ միջոց է, քանի որ հումքային ապրանքները չեն ենթարկվում այնպիսի անկման, ինչ բաժնետոմսերը։

Фридом Freedom9 (5).jpg

ETF –ում ներդրում կատարելու առավելությունները

Դրանք մի քանիսն են․ պորտֆելի դիվերսիֆիկացում, որին կարելի է հասնել մեծ թվով տարբեր արժեթղթերում ներդրում կատարելու հաշվին։

– Հասանելիություն։ Նախ, ETF-ի գներն ավելի ցածր են, քան բաժնետոմսերինը: Երկրորդ՝ ներդրողը չպետք է ունենա հատուկ գիտելիքներ։ Հիմնադրամն իր վրա է վերցնում հիմնական խնդիրների լուծումը՝ հավաքում է արժեթղթերի պորտֆել, ապահովում է մուտքը շուկա, զբաղվում է վերաներդրումներով:

– Ցածր անկայունություն։ Բորսայական ֆոնդի փայի գների տատանումներն ավելի քիչ են, քան բաժնետոմսերինը, քանի որ մի արժեթղթերի անկումը հարթվում է մյուսների աճով։

– Թափանցիկություն։ Դուք միշտ կարող եք տեսնել պորտֆելի կազմը և հետևել գների փոփոխություններին։

— Բրոքերական միջնորդավճարների վրա խնայելու հնարավորություն: Առանձին ​​գործարքների կատարման համար նախատեսված վճարի փոխարեն դուք գնում եք ETF-ի բաժնետոմսեր և վճարում եք միջնորդավճարը մեկ անգամ:

Բորսայական հիմնադրամների բացասական կողմերը

Առաջին հերթին դա.

– դուք պետք է ունենաք որակավորված ներդրողի կարգավիճակ ETF-ում մասնաբաժին գնելու համար. այս պայմանը գործում է շատ երկրներում:

– պորտֆելի կազմի վրա ազդելու անկարողություն։ Հիմնադրամը որոշում է կայացնում արժեթղթերը ներառել ինդեքսում և հրաժարվել դրանցից՝ առանց ներդրողի մասնակցության։

– երաշխավորված եկամտի բացակայություն։ Ցանկացած պահի ինդեքսը կարող է նվազել, և փայերի արժեքը կնվազի, ուստի ETF-ները հարմար չեն կարճաժամկետ ներդրումների համար: Սակայն երկար ժամանակահատվածում գործիքը դառնում է արդյունավետ:

– չապահովագրված ռիսկեր։ Հիմնադրամի սնանկացման դեպքում ներդրողները միջոցներ են կորցնում։

– դիվերսիֆիկացիայի համար բավարար չէ ներդրումներ կատարել մեկ հիմնադրամում, քանի որ գնանշումները կարող են զգալիորեն նվազել ոլորտում առկա ճգնաժամի պատճառով:

Ներդրումների այլընտրանքային միջոցներ

Այս հասկացությունն ունի բավականին լայն և ազատ մեկնաբանություն, այն ներառում է բազմաթիվ տարբեր կետեր: Ահա մի քանի հայտնի այլընտրանքային ներդրումային ուղիներ:

Բաժնետոմսերի գնում ոչ հանրային ընկերությունում։ Մասնավոր ներդրողները ներդրումներ են կատարում բիզնեսում՝ նպաստելով դրա զարգացմանը և ստանալով զուտ շահույթի իրավունք։ Նման ընկերությունները սովորաբար հրապարակային առուվաճառք չեն իրականացնում և չեն հայտնվում ֆոնդային բորսայում: Նրանք հայտարարություններ են հրապարակում մասնագիտացված ռեսուրսներում, որպեսզի ներգրավեն ներդրողների, ուստի դրանց հեշտ է գտնել:

Վենչուրային ներդրումները ներդրումներ են երիտասարդ ընկերություններում, որոնք դեռ շահույթ չեն բերում, բայց ունեն աճի բարձր ներուժ: Վենչուրային ներդրումները կապված են մեծ ռիսկի հետ, քանի որ բիզնեսը կարող է անհաջող մեկնարկել և սնանկանալ, այն պահանջում է շատ խոշոր միջոցներ, հաճախ տասնյակ և հարյուրավո միլիոն դոլարներ: Դրանցով զբաղվում են վենչուրային հիմնադրամները և հարուստ ներդրողները։ Կարելի է նաև ներդրումներ կատարել ընկերություններում, որոնք փնտրում են հեռանկարային ստարտափեր՝ հետագայում դրանց հետ միաձուլվելու և բորսա դուրս գալու նպատակով։ Որոշ խոշոր բանկեր դրա համար ստեղծում են հիմնադրամներ, որտեղ ցանկացած մասնավոր ներդրող կարող է փայ գնել։

Հեջ ֆոնդերը կառույց է, որը ներդրումներ է կատարում բազմաթիվ ակտիվներում և գործիքներում, օրինակ՝ բաժնետոմսերում, անշարժ գույքում, հողատարածքում, արտարժույթում։ Դրա հաշվին նվազում են շուկայական ռիսկերը և ավելանում առավելագույն շահույթ ստանալու շանսերը։ Մեխանիզմը հիմնված է այն փաստի վրա, որ դուք ակնկալում եք, որ բազային ակտիվի գինը կնվազի և կարճ ժամանակահատվածով ներդրումներ եք կատարում այլընտրանքային, խոստումնալից եկամտի մեջ: Տարբեր երկրներ ունեն նման ներդրումների համար նախատեսված կարգավորիչ առանձնահատկություններ և պայմաններ։ Հիմնականում դրանցով կարող են զբաղվել միայն որակավորված մասնագետները, որոնք ունեն մեծ փորձ և կապիտալ։

Ենթակառուցվածքային նախագծեր։ Խոսքը ճանապարհների և կամուրջների շինարարության մեջ, տրանսպորտային համակարգերում, հեռահաղորդակցության, էներգետիկայի, այդ թվում՝ «կանաչ» էներգետիկայի և թափոնների կառավարման մեջ իրականացվող ներդրումների մասին է։ Ներդրողը կարող է ակնկալել բավականին մեծ եկամտաբերություն՝ կողմնորոշվելով զարգացող տնտեսություն, կայուն և ամուր քաղաքական ու իրավական համակարգեր ունեցող երկրների հարցում։

Արվեստի գործեր, հնաոճ, հավաքածուներում ներառված իրեր (ալկոհոլ, եզակի նամականիշեր, ժամացույցներ)։ Այս ուղղությամբ իրականացվող ներդրումներին պետք է մոտենալ համապատասխան գիտելիքներով. հասկանալ, թե ինչ գործոններ են գնահատվում վաճառելիս, քանի տարի կպահանջվի արժեքի աճի համար, ինչպես են աշխատում աճուրդները և շուկայի մասնագիտացված հատվածները: Նման ոչ ավանդական, նույնիսկ «էկզոտիկ» ներդրումներով առավել հաճախ զբաղվում են փորձագետներ կամ այն ​​մարդիկ, ովքեր դա ընկալում են որպես կարևոր հոբբի։

Фридом Freedom9 (6).jpg

Այլընտրանքային ներդրումների դրական և բացասական կողմերը

Այլընտրանքային մեթոդների գրավչությունը պայմանավորված է բարձր եկամտաբերությամբ, ներդրողների ակտիվությամբ, կապիտալի բաշխման և ռիսկերի նվազեցման արդյունավետ միջոցով։

Այնուամենայնիվ, խնդիրն այն է, որ որոշ դեպքերում դրանք պակաս իրացվելի են, քան ավանդական գործիքները, վատ կարգավորվող են, քանի որ մասնավոր շուկաները, պետական շուկաների համեմատ, ոչ թափանցիկ են, ընկերությունները պարտավոր չեն ներկայացնել տեղեկատվություն ֆինանսների և ակտիվների տեսակների մասին, հաշվետու լինել ներդրողներին: Բացի այդ, դրանք ունեն մուտքի բարձր շեմ։

Ամփոփում

Չկա այնպիսի ներդրումային պրոդուկտ, որը 100%-ով կհամապատասխաներ ձեր պահանջներին, այնպես որ փնտրեք գործիքների համակցություն, որը կապահովի առավելագույն եկամտաբերություն և կբալանսավորի ռիսկերը։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:00 24.01.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×