Ադրբեջանում հայկական բնակչության ջարդերը 1915թ.-ին Հայոց ցեղապանության հետևողական շարունակությունն են. Ալավերդյան
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. Ադրբեջանում հայկական բնակչության ջարդերը Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին Հայոց ցեղապանության հետևողական շարունակությունն են: Այս մասին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում հայտնել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«1988թ.-ի Սումգայիթի հայերի ջարդերը մինչ օրս իրականացվող հակահայկական քաղաքականության օղակն են: Ադրբեջանն իր գոյության առաջին իսկ օրից պետական մակարդակով հետևողականորեն իրականացնում է հայկական բնակչության ցեղասպանության քաղաքականություն: Ընդ որում, հայերին հետապնդելիս չի դիտարկվում ոչ նրանց ծագումը, ոչ բնակության վայրը: Նրանց կոչում են երկվորներ իրենց իսկ հայրենիքում և ենթարկում արտաքսման, սպառնում բռնություններով, սպանություններով և թալանով»,- նշեց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնելով, որ ազգային պատկանելիության պատճառով մարդու հանդեպ նման վերաբերմունքին տրվում է հստակ բնութագիր ՄԱԿ-ի Կոնվենցիայում, որը վերաբերում է ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը և դրա պատժամիջոցներին` նախկին օմբուդսմենը նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունն առանձին դատապարտման կարիք ունի` որպես Թուրքիայի կողմից սկսված ցեղասպանության մի մաս:
«Պետք է գիտակցել, որ Սումգայիթում, Բաքվում, Մարագում և այլ բնակավայրերում իրականացված ջանդերը, ինչպես նաև հայերի հանդեպ ընդհանուր վերաբերմունքը ոչ այլ ինչ են, քան ցեղասպանություն: Բազում փաստաթղթեր հաստատում են, որ Ադրբեջանը ժառանգել է Թուրքիայի քաղաքականությունը և հետևողականորեն շարունակում է այն բոլոր մակարդակներով` նույն մեթոդներով ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը»,- նշեց Ալավերդյանը:
Պաշտոնական գնահատականի անհրաժեշտությունը
Նրա խոսքով, Հայաստանը պաշտոնական մակարդակով պետք է գնահատական տա Ադրբեջանում հայկական բնակչության ջարդերին` որպես ցեղասպանության շարունակություն, հաշվի առնելով նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում հայերի նկատմամբ իրականացված հետապնդման և խտրականության անվիճելի փաստերը:
«Ցավոք սրտի, 1918թ.-ի հայերի ջարդերի մասին խոսվում է ավելի մասրամասն, քան 90-ականների իրադարձությունների մասին: Ոչ պաշտոնապես հիշատակվում է Բաքվի ջարդերի 400 զոհերի մասին, մինչդեռ խտրականության և հետապնդումների էր ենթարկվում Ադրբեջանի ողջ հայկական բնակչությունը»,- նշեց Ալավերդյանը:
Նախկին օմբուդսմենը ափսոսանք հայտնեց, որ մինչ օրս զոհերի ընտանիքների անդամները ոչ մի կարգավիճակ չեն ստացել:
«Ադրբեջանի փախստականներն այդպես էլ չհայտնվեցին պետական պաշտպանության ներքո և չեն ստանում սոցիալական աջակցություն, մինչդեռ, այդ երկրից Հայաստան հարկադրաբար տեղափոխվածների թիվը կազմում է 361 հազար մարդ, ևս 110-120 հազ. հայ փախչել է Ռուսաստան և այլ երկրներ, իսկ մոտ 50 հազարը գաղթել է Արցախ»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:
Ճիշտ քաղաքական մոտեցում
Ալավերդյանը հիշեցրեց, որ Ադրբեջանում հայ բնակչության ջարդերը նախաձեռնել է «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որը շուտով եկավ իշխանության։
«Ժամանակին Հայաստանի ղեկավարությունը փորձել է երկխոսություն հաստատել այդ քաղաքական ուժի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` հույս ունենալով, որ Ադրբեջանի նոր իշխանությունը, որը հանդես է գալիս ժողովրդավարական սկզբունքներով, ի վիճակի է ռացիոնալ լուծել խնդիրը։ Սակայն հետագա իրադարձություններն ապացուցեցին հակառակը», – ասաց նա։
Ալավերդյանը սխալ համարեց հայկական հասարակության մեջ շրջանառվող կարծիքն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել, եթե Ադրբեջանում իշխանության գան ավելի լիբերալ քաղաքական ուժեր։
«Ադրբեջանում չի գտնվի որևէ քաղաքական ուժ, որը կճանաչի 1990–ականներին հայկական բնակչության ցեղասպանության փաստը։ Նրանք ունեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման օրինակ։ Ադրբեջանը դեռ շատ հեռու է Գերմանիայից, որն ընդունել է պատմական սխալները», – ասաց Ալավերդյանը։
Բաքվի ջարդերի մասին
1990թ.–ի հունվարի 13–19–ն ադրբեջանական իշխանությունները կազմակերպել և իրականացրել են Բաքվի հայկական բնակչության զանգվածային ջարդեր։ Մոտ քառորդ միլիոն տեղաբնակ հայեր ենթարկվել են բռնության և տարհանման միայն ազգային պատկանելիության պատճառով, ինչի հետևանքով Բաքվում չի մնացել հայկական բնակչություն։
Բաքվում բնակվող հազարավոր հայերի շարժական և անշարժ գույքը թալանվեց։ Բռնության զոհ դարձավ ավելի քան 400 հայ, ինչի մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։–0–