Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Մերձավոր Արևելքում ճգնաժամը կարող է սաստկացնել տնտեսական ճնշումը Հայաստանի վրա. փորձագետ

22.04.2026, 18:03
Փորձագետն արձանագրել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը լուրջ ազդեցություն է ունենում հարակից տարածաշրջանների վրա
Մերձավոր Արևելքում ճգնաժամը կարող է սաստկացնել տնտեսական ճնշումը Հայաստանի վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մերձավոր Արևելքի ճգնաժամն սաստկացնում է տնտեսական ռիսկերը ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Հայաստանի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԳԱ Գիտական տեղեկատվության հասարակական գիտությունների ինստիտուտի (ИНИОН РАН) Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Ավատկովը։

Փորձագետն արձանագրել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը լուրջ ազդեցություն է ունենում հարակից տարածաշրջանների վրա:

Ըստ Ավատկովի՝ ԱՄՆ-ի առանցքային խնդիրներից մեկը Մեծ Եվրասիայում կապերը խզելն է։

«Դրանից, առաջին հերթին, տուժելու են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրները: Դրանք այն պետություններն են, որոնք նավթ են ստանում տարածաշրջանից, ինչպես նաև նրանք, որոնց էներգետիկան կախված է դրանից: Արդեն իսկ տուժում են հենց տարածաշրջանի երկրները, քանի որ չպետք է սեփական անվտանգությունը վստահել արտաքին դերակատարներին, որոնք շահագրգռված չեն դրա ապահովմամբ»,- նշել է Ավատկովը:

Փորձագետն ընդգծել է, որ հարակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար ճգնաժամի հիմնական հետևանքները նախևառաջ կանդրադառնան տնտեսության վրա:

«Խոսքը ապրանքաշրջանառության մասին է, որն արդեն ակնհայտորեն կրճատվում է և հետագայում հետևանքներ կունենա: Առայժմ մենք դա լիարժեք չենք տեսնում, բայց դրանք աճելու են: Երկրորդ ասպեկտը կապված է մարդկանց տեղաշարժի հետ: Ճգնաժամի հետագա զարգացման դեպքում, իսկ ինչպես տեսնում ենք՝ այն չի պատրաստվում մարել, ԱՄՆ-ը կփորձի ապակայունացնել հետխորհրդային տարածքը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան»,- հայտարարել է Ավատկովը:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին, ինչին Իսլամական Հանրապետությունը պատասխանել է մի շարք զանգվածային հարձակումներով: Հակամարտությունը վերածվել է լայնամասշտաբ պատերազմի:

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած մի շարք ժամանակավոր զինադադարներին: Տարածաշրջանային դերակատարները և միջազգային միջնորդները փորձում են թույլ չտալ նոր էսկալացիա, քանի որ ցանկացած սրացում կարող է ազդել ողջ տարածաշրջանի անվտանգության, էներգակիրների շուկաների և առևտրային երթուղիների վրա: