Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

«Հայաստանը դիվանագիտական հրաշքներ է գործում»․ Գուտերեշը բարձր է գնահատել COP17-ի կազմակերպումը

Այսօր, 17:23
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը  Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհավորել է Հայաստանին COP17-ի  կազմակերպման բարձր մակարդակի առթիվ
«Հայաստանը դիվանագիտական հրաշքներ է գործում»․ Գուտերեշը բարձր է գնահատել COP17-ի կազմակերպումը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհավորել է Հայաստանին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման բարձր մակարդակի առթիվ՝ նշելով հայկական կողմի բացառիկ դիվանագիտական ունակությունները:

« Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին, որովհետև այս համաժողովը չափազանց լավ է կազմակերպվել։ Իմ գործընկերները պատմում են, որ բանակցություններում համատեղ հայտարարության կամ համաձայնության հասնելը միշտ դժվար է։ Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն` գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետեր։ », - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Նրա խոսքով՝ այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ը աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակը աչքի է ընկնում:

Իր հերթին Փաշինյանը նշել է, որ COP17-ը Հայաստանում երբևէ կազմակերպված խոշորագույն միջոցառումն է, և վստահություն է հայտնել դրա՝ բարձր մակարդակով անցկացման հարցում։

Վարչապետը ողջունել է Գուտերեշի այցը՝ ընդգծելով, որ նա դարձել է ՄԱԿ-ի երկրորդ գլխավոր քարտուղարը, ով այցելել է Հայաստան։ Փաշինյանը նաև կարևորել է վերջին ութ տարիների համատեղ աշխատանքը՝ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին։

COP17-ը Երևանում

2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։

Միջոցառումը մեկտեղելու է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչներին:

Համաժողովի հիմնական թեման է լինելու Կենսաբազմազանության պահպանման Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի կատարման առաջին գլոբալ գնահատումը: Այն ընդունվել էր 2022 թվականին և նախատեսում է մինչև 2030 թվականը հասնել 23 նպատակների, այդ թվում՝ մոլորակի ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ի պահպանմանը:

Համաժողովին ընդառաջ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում նախատեսված է առաջնորդների գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերի 27–28-ը տեղի կունենա բարձրաստիճան հատվածը՝ նախարարների մասնակցությամբ: