Հայաստանի տարածքում իրականացվող TRIPP նախագիծը մրցակից չի դառնա Վրաստանով անցնող տրանսպորտային երթուղիներին. Կոբախիձե
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տարածքում իրականացվող TRIPP նախագիծը մրցակից չի դառնա Վրաստանով անցնող ավանդական տրանսպորտային երթուղիներին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Ինչ վերաբերում է TRIPP երթուղուն, որն այլընտրանքային երթուղի է, մենք այն չենք դիտարկում որպես մրցակից: Պարզ պատճառներից մեկն այն է, որ բեռնաշրջանառությունը Միջին միջանցքով այնքան նշանակալիորեն է աճել, որ դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա», — ասել է Կոբախիձեն Imedi հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Թբիլիսին չի համարում, որ TRIPP-ը կամ որևէ այլ նոր երթուղի ընդունակ է էական խնդիրներ ստեղծել Վրաստանի տարածքով անցնող ավանդական տրանսպորտային ուղիների համար:
Կոբախիձեն նշել է, որ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքով բեռնաշրջանառությունն աճել է յոթ անգամ, ինչը լրացուցիչ ենթակառուցվածքների զարգացում է պահանջում:
Այս կոնտեքստում նա մատնանշել է Անակլիայի նավահանգստի զարգացումը, Փոթիի նավահանգստի պոտենցիալ ընդլայնումը, ավիացիոն ենթակառուցվածքների և մայրուղիների զարգացումը, ինչպես նաև երկաթուղու արդիականացումը:
«Կրկին ասեմ, որ TRIPP-ը մեր երթուղու մրցակիցը չէ: Հաշվի առնելով այն միտումները, որոնք այսօր նկատվում են Միջին միջանցքում, այն փաստացի լրացնելու է դրան», — հայտարարել է Կոբախիձեն:
TRIPP նախագծի մասին
TRIPP (Trump Route for International Peace and Prosperit, Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է բազմամոդալ տրանզիտային ենթակառուցվածքի ստեղծում Հայաստանի տարածքում:
Նախագիծը կոչված է ապահովելու տրանսպորտային կապը տարածաշրջանում և ընդլայնելու տրանզիտային հնարավորությունները Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և միջազգային շուկաների միջև:
Հայ-ամերիկյան համաձայնությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում TRIPP ենթակառուցվածքը գործելու է հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ: