Փաշինյանը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակումը՝ անկլավների հարցը լուծելու համար
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածքների փոխանակումը Հայաստանի և Ադրբեջանի անկլավների ու էքսկլավների հարցի լուծման տարբերակներից մեկն է։
«Անկլավ/էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակ կա։ Իմաստն այն է, որ լուծումն այնպիսին լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն», - նշեց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Ըստ վարչապետի՝ Հայաստանում և Ադրբեջանում ավելի է առարկայանում նման լուծում գտնելու անհրաժեշտության գիտակցումը, քանի որ մյուս սցենարը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների տեղաշարժի հետ կապված։
«Շատ կարևոր է, թե մենք ինչ պրոցեսի ենք գնում. մենք ուզում ենք իրար համար պրոբլեմներ ստեղծե՞լ, թե՞ մենք ուզում ենք լուծել պրոբլեմները, ինչ-որ մի դարակազմիկ էջ փակել և նոր էջ բացել։ Այս երկրորդ տրամաբանությամբ գնալու պարագայում հավանականությունը մեծանում է, որ այսպիսի լուծում կլինի», - նշեց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքով, դեռ պետք է հստակեցվեն նման լուծման տեխնիկական և իրավական ձևակերպումները, այդ թվում՝ հանրաքվեի անհրաժեշտության հարցը։
«Խոսքը, այո՛, Քյարքիի, Բարխուդարլիի և Սոֆուլու գյուղի, Ասկիպարա գյուղի, այսինքն՝ այդ 3 միավորների և Արծվաշենի մասին է», - նշեց Փաշինյանը։
Նա ընդգծելց․ որ նախ պետք է իրականացվի սահմանազատում՝ սահմանների ճշգրիտ տեղորոշում, որպեսզի հստակ հայտնի լինի նաև Արծվաշենի տարածքի չափը։ Դա, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է խնդրին քաղաքական և իրավական առումներով ճիշտ լուծում տալու համար։