Freedom Broker Armenia–ն նախատեսում է մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունվարի 1-ից ներդրումային ընկերությունները կկարողանան դիմել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու լիցենզիա ստանալու համար, և Freedom Broker Armenia-ն կմասնակցի դրան, հայտարարել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։
«Մենք կարծում ենք, որ սա 21-րդ դարի ֆինանսական գործիք է, և պետք է ժամանակին համահունչ քայլել, համապատասխանաբար, մեզ համար դա պետք է դառնա բիզնեսի կարևոր մաս», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Հովակիմյանը լավ նախաձեռնություն է համարում ԿԲ–ի մշակած «Կրիպտոակտիվների մասին» օրենքը։
«Առաջին հերթին, սահմանվում է ակտիվների տոկենացման իրավական բազան, ինչը շուկային հնարավորություն կտա գործարկել, օրինակ, թվային պարտատոմսեր, ինչ-որ մասնաբաժնային գործիքներ, բաժնետոմսեր, ներգրավել ֆինտեխ ընկերություններ, բլոկչեյն հարթակ։ Հայաստանում դրանցից շատ բան արդեն գոյություն ունի, բայց ես դա ավելի շուտ մոխրագույն գոտի կանվանեի», – նշել է նա։
Freedom Broker Armenia–ի տնօրենի խոսքով, կրիպտոշուկան, որը գնահատվում է մի քանի տրիլիոն դոլար, անհնար է անտեսել։
«Հետևաբար, Հայաստանի համար դա միանշանակ պլյուս է, դա կօգնի շատ ծառայությունների թվայնացմանը, որոնք այստեղ դեռևս տրամադրվում են 90-ականների մակարդակով։ Շատ բան դեպի լավը կփոխվի», – եզրափակել է նա։
«Կրիպտոակտիվների մասին» օրենք
«Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ է մտել Հայաստանում 2025 թվականի հուլիսի 4-ին, ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ։ Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվներով առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի նկատմամբ վերահսկողության կանոնները։
Նախատեսված կարգավորման մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվներ գնողների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ։
Ինչպես ավելի վաղ նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, կրիպտոակտիվների հետ գործարքներով զբաղվող ընկերությունների լիցենզավորման գործընթացը կմեկնարկի 2026 թվականի հունվարից և կտևի մեկ տարի։
Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։