Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ–ում ՓՄՁ–ների շուկան բանկերի կողմից գնահատվում է 900 մլրդ դրամ. ուսումնասիրություն

10.03.2020, 19:52
Փոխվել է հայկական բանկերի քաղաքականությունը, որոնք ՓՄՁ–ների ոլորտը դարձրել են ավելի թիրախային զարգացման համար
ՀՀ–ում ՓՄՁ–ների շուկան բանկերի կողմից գնահատվում է 900 մլրդ դրամ. ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ–ում ՓՄՁ–ների շուկան բանկերի կողմից գնահատվում է 900 մլրդ դրամ (մոտ 1,88 մլրդ դոլար), երեքշաբթի ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` ներկայացնելով ՓՄՁ շուկայի ուսումնասիրության արդյունքները, որն իրականացրել է ընկերությունը։

«Ամերիա» ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները: Աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա և բացառիկ է` ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաև փորձագիտական գնահատումներով: Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8%-ը գերփոքր է, 5.1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը` միջին (դասակարգումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի): Մինչ այդ նմանատիպ ուսումնասիրություն անցկացվել է 2013թ.–ին։

«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բանկերի հետ ՓՄՁ–ների փոխհարաբերությունները զգալիորեն լավացել են` 2013թ.–ի համեմատ։ Ընդհանուր առմամբ, փոխվել է հայկական բանկերի քաղաքականությունը, որոնք ՓՄՁ–ների ոլորտը դարձրել են ավելի թիրախային զարգացման համար», – ասաց Ջրբաշյանը։

Նրա խոսքով, հայկական բանկերը ՓՄՁ–ներում արդեն ներդրել են 2 մլրդ դոլար, և այս ոլորտը շարունակում է զարգանալ։

Նա նշեց, որ վերջին 3 տարում ՓՄՁ–ների մոտ 86%–ը սկսել է աշխատել բանկերի հետ, ընդ որում նրանցից շատերն արդեն նաև մարզերում։

Ջրբաշյանը նաև տեղեկացրեց, որ այսօր մեծ պահանջարկ են վայելում ՓՄՁ–ների համար բանկային ծառայությունները Գյումրիում։  

Ջրբաշյանը նաև նշեց, որ ՓՄՁ–ների համար վարկերի մոտ 96-98%–ը գրավի դիմաց տրված միջոցներն են, ինչը վկայում է, որ բիզնեսը գրավի հետ կապված խնդիրներ չունի։ 

Նա նաև նշեց, որ մարզերում հեռահար բանկային ծառայությունների օգտագործման ցուցանիշը դեռ շատ ցածր է, և ձեռներեցները նախընտրում են աշխատել մասնաճյուղերի հետ։

«Սա շատ լավ ազդակ է, որը վկայում է այն մասին, որ ՓՄՁ–ները մեծ պահանջարկ են դրսևորում պրոֆեսիոնալ ծառայությունների նկատմամբ, նրանցից շատերը հետաքրքրված են հաշվապահական ծառայություններով, կառավարման խորհրդատվություններով, բիզնես ծրագրերի մշակմամբ և մարկետինգային ծառայություններով», – ասաց Ջրբաշյանը։ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում:

«Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում: Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriaadvisory.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:-0-