Հայկական շոու բիզնեսի աստղերը կարող են պատասխանատվության ենթարկվել եկամուտները թաքցնելու համար. ՊԵԿ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո հայտնեց լրագրողներին, որ եկամուտները հայտարարագրելու ՊԵԿ–ի հորդորները մնացել են անպատասխան։
Դեռ 2018թ.–ի վերջին Անանյանը կոչ է արել էստրադայի և շոու բիզնեսի աստղերին գրանցվել հարկային մարմիններում, հայտարարագրել եկամուտներն ու բարեխիղճ կերպով վճարել հարկերը։ Սակայն աստղերը ոչ միանշանակ ընդունեցին կոչը, իսկ շատերն ընդհանրապես անտեսեցին այն։ Այդ պատճառով ՊԵԿ–ը մի շարք հանդիպումներ կազմակերպեց աստղերի և նրանց ներկայացուցիչների հետ` հարկման սկզբունքներն ու հնարավորությունները, հնարավոր պատժամիջոցները պարզաբանելու նպատակով։
«Կոչերից հետո 3–5 ներկայացուցիչ արդեն արձագանքել է ու հայտարարագրել իր եկամուտները։ Շուրջ 9 ներկայացուցչի վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց նրանք մասնակցել են ու, երևի թե, եկամուտ են ստացել, բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա նրանք, ըստ էության, 2018-ին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ որևէ կազմակերպության աշխատակից են եղել, ոչ դիվիդենտ են ստացել, ոչ էլ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր: Մենք նամակով հորդորեցինք իրենց գալ ու հայտարարագրել եկամուտները», – ասաց Անանյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով, քանի որ այդ կոչերին ոչ ոք չարձագանքեց, ՊԵԿ-ի կողմից նախնական հաշվարկ կիրականացվի ու կփոխանցվի քննչականին, որն էլ կորոշի, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն։-0-