Visa-ն և ՎԶԵԲ-ը ստորագրել են հուշագիր՝ խթանելու թվային վճարումները, ՓՄՁ-ները և կանանց հզորացումը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Visa-ն և ՎԶԵԲ-ը ստորագրել են հուշագիր՝ խթանելու թվային վճարումները, ՓՄՁ-ները և կանանց հզորացումը Հայաստանում։
Այն ստորագրել են Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն և Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրյենիոս Դրակինոսը, հաղորդում է Visa–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գործընկերության նպատակն է խթանել կայուն և ներառական տնտեսական աճը Հայաստանում և ՎԶԵԲ-ի տարածաշրջանի այլ երկրներում՝ աջակցելով թվայնացմանը և ֆինանսական ներառմանը:
Այս համագործակցության շրջանակում գործընկերները կնպաստեն ֆինանսական գրագիտության խթանմանը, ՓՄՁ-ներին և կին ձեռներեցներին աջակցելու, ինչպես նաև՝ էլեկտրոնային վճարումների միջոցով տնտեսական մասնակցության դյուրացման ծրագրերի իրականացմանը: Սա կներառի նաև ծառայությունների թվայնացումը, ինչպիսիք են GovTech-ը և հանրային տրանսպորտը:
«Հայաստանում ու տարածաշրջանում Visa-ի և ՎԶԵԲ-ի գործունեության մեծ փորձի շնորհիվ այս գործընկերության միջոցով դրական փոփոխություններ կբերենք Հայաստանի տնտեսությանը և հասարակությանը: Մենք հպարտ ենք միավորվել նման խոշոր դերակատարի հետ՝ այս դինամիկ երկրում եւ արագ զարգացող շուկայում խթանելու թվայնացումը, ՓՄՁ-ներին և ձեռներեց կանանց», - ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
«Ուրախ ենք համագործակցել Visa-ի հետ՝ Հայաստանում զարգացնելու կարևոր առաջնահերթությունները, ինչպիսիք են թվայնացումը, ֆինանսական ներգրավումը և կայուն տնտեսական աճը: Կին ձեռներեցները զգալի ներդրում ունեն Հայաստանի տնտեսական աճում, և դեռ շատ չօգտագործված ներուժ կա: Մենք վստահ ենք՝ միասին կարող ենք կրկնապատկել դրական փոփոխությունները, նորարարության խթանումը և ՎԶԵԲ-ի տարածաշրջաններում ներառական աճի և բարգավաճման հնարավորությունների ստեղծումը»,- նշել է Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրյենիոս Դրակինոսը:
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև: Ընկերությունից նշում են, որ իրենց առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին:
ՎԶԵԲ–ի մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից մեկն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկը 640 մլն եվրո է ներդրել երկրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը և գյուղական համայնքների թվայնացմանը: Մինչ օրս ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 2,1 միլիարդ եվրո Հայաստանում իրականացվող 211 նախագծերում։