Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+37

Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները խնդրում են ԱՀԿ-ին միջամտել վրացական սահմանին բեռների ուշացման հարցում․ ՀՀ–ում բանակցություններ կանցկացվեն

04.06.2025, 14:22
Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող արտադրողները կանգնած են գործող շուկաների կորստի սպառնալիքի առաջ․ էկոնոմիկայի  նախարարը   մտադիր է ելքեր փնտրել  ստեղծված իրավիճակից
Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները խնդրում են ԱՀԿ-ին միջամտել վրացական սահմանին բեռների ուշացման հարցում․ ՀՀ–ում բանակցություններ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/. Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող մեկ տասնյակից ավելի ընկերություններ գրավոր դիմել են պետական մարմիններին, միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը, հայտնում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մամուլի ծառայությունը։

Հայ արտադրողների համար շուկաներ կորցնելու ռիսկը

«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում ոգելիչ խմիչք արտադրող ընկերություններից, արտահանողներից, բեռնափոխադրողներից, որոնք իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են հայտնում հայ–վրացական սահմանում տիրող իրավիճակից։ Ըստ էության, վրացական կողմն անհիմն խոչընդոտում է հայկական արտադրության ալկոլհոլային խմիչքների տարանցիկ փոխադրումները երրորդ երկրներ՝ չտալով որևէ հիմնավոր բացատրություն։ Խնդիրը դարձել է դժգոհությունների և բուռն քննարկումների առարկա», – ասվում է հայտարարության մեջ։

Դիմումում մասնավորապես նշվում է, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ, Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են՝ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ Այստեղ առանց որևէ հիմնավորման մաքսային կնիքները կոտրվում են, առանց համապատասխան փաստաթղթերի նմուշներ վերցվում, իսկ դրանց լաբորատոր պատասխանների՝ օրերով ուշացումների վերաբերյալ որևէ բացատրություն չի տրամադրվում։ Արդյունքում, արտահանողներին թույլ չի տրվում իրենց բեռները հասցնել երրորդ երկրների հասցեատերերին։

Ներկայումս վրացական Գեզի տերմինալում պահվում են բեռնված տասնյակ տարանցիկ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսն՝ արդեն ավելի քան մեկ ամիս։ Այսպիսով, վրացական կողմը, խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշերը՝ զգալի նյութական վնասներ է պատճառում Հայաստանի արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ։

«Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և արտերկրի մեր գործընկերներին՝ կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս կամայական շրջափակումը և վերացնել իր տարածքով տարանցիկ ապրանքների տեղաշարժը խոչընդոտող սահմանափակումները», – նշվում է հայտարարության մեջ։ 

Դումումն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, ՄԱԿ, Եվրասիական զարգացման բանկ, Առևտրի համաշխարհային կազմակերպություն, ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։

Համատեղ դիմումը ստորագրել են՝ Արարատի գինու գործարան, Գինու–կոնյակի տուն «Շահնազարյան», Ալկո Ալյանս, Վան777, «Արագած» գինու կոնյակի գործարան, Արկոն Թրեյդ, Աբովյանի կոնյակի գործարան, Սամկոն, Պռոշյանի կոնյակի գործարան, Նացիոնալ ալկո ընկերությունները։

Էկոնոմիկայի նախարարը վճռական է տրամադրված

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին լրագրողներին հայտնել է, որ հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը կժամանի Հայաստան՝ խնդրի հնարավոր լուծման նախնական փաթեթով։

«Մենք այդ հարցը կքննարկենք և, հուսով եմ, լուծում կգտնենք, քանի որ այս իրավիճակը վտանգավոր է մեր բիզնեսի, ձեռնարկատերերի, խաղողագործների և կոնյակ արտադրողների համար», – նշեց նա։ 

Պապոյանը հավելեց, որ վրացի գործընկերոջ այցի շրջանակում պատրաստվում է հանդիպումներ կազմակերպել տարբեր ձևաչափերով՝ նշելով․ «Մենք սենյակից դուրս չենք գա, մինչև լուծում չգտնենք»։

Պատասխանելով այն հարցին, թե որն է վրացական կողմի հետ կապված խնդիրը՝ նախարարը նշեց, որ տարբեր ժամանակներում այս կամ այն ընկերությունների հետ տարբեր խնդիրներ են ծագել։ Նա խուսափեց մանրամասներից՝ ասելով, որ դա կարող է վնասել հունիսի 6-ի բանակցություններին, ինչպես նաև ձեռնպահ մնաց քաղաքական ենթատեքստի մասին խոսելուց։ 

Խնդրի մասին

Մոտ 2 ամիս է, ինչ հաղորդվում է Վերին Լարսի անցակետով Ռուսաստան կամ Բալթյան երկրներ ալկոհոլային խմիչքներ արտահանող տասնյակ բեռնատարների չհիմնավորված լաբորատոր ստուգումների մասին: Ստուգումների ուշացումների պատճառով հայ արտահանողները ֆինանսական կորուստներ են կրում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախկինում հայտարարել էր, որ այս հարցը քննարկել է Հայաստանում գտնվող վրացի պաշտոնատար անձանց հետ, անհրաժեշտ է հասկանալ պատճառները ու գտնել ինստիտուցիոնալ լուծում:

Հայկական ալկոհոլային խմիչք արտադրողների մի խումբ ձեռնարկատերեր պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում Վրաստանի դեսպանատան առջև: