Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Ամերիաբանկը նախատեսում է ավելացնել ՓՄՁ–ի վարկային պորտֆելը` հասցնելով 40%–ի

13.05.2016, 18:45
Ամերիաբանկը նախատեսում է վարկային պորտֆելում ավելացնել ՓՄՁ–ների մասնաբաժինը` հասցնելով 40 տոկոսի, ուրբաթ լրագրողներին ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։
Ամերիաբանկը նախատեսում է ավելացնել ՓՄՁ–ի վարկային պորտֆելը` հասցնելով 40%–ի

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը նախատեսում է վարկային պորտֆելում ավելացնել ՓՄՁ–ների մասնաբաժինը` հասցնելով 40 տոկոսի, ուրբաթ լրագրողներին ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

Նա նշեց, որ բանկի վարկային պորտֆելն այս պահին կազմում է մոտ 300 մլրդ դրամ, որից մոտ մեկ երրորդը բաժին է հասնում փոքր և միջին բիզնեսի ու մանրածախ առևտրի վարկավորմանը։

«ՓՄՁ–ի պորտֆելը լավ արդյունքներ է գրանցում, և ըստ մեր ռազմավարության` մենք նախատեսում ենք առաջիկա 2–3 տարում ավելացնել դրա մասնաբաժինը` համախառն վարկային պորտֆելում հասցնելով 40 տոկոսի», – ասաց Թառումյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին բանկում գործում են վարկավորման բավականին բարենպաստ պայմաններ, մասնավորապես, տոկոսադրույքը կազմում է տարեկան միջինը մոտ 11 տոկոս և կարող է փոխվել` կախված վարկառուի ռիսկից։

«Վարկավորման ավելացման համար ունենալով կապիտալի բավարար մակարդակ` մենք պատրաստ ենք ռեսուրսներ ուղղել այնպիսի ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք չեն կարողանում վարկ ստանալ մյուս բանկերում որոշ սահմանափակումների պատճառով», – ասաց Թառումյանը։

Նա նաև նշեց, որ Ամերիաբանկը հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության վարկավորման ծրագրերին` ընդգծելով, որ 2015 թ.–ի արդյունքում ոլորտին հատկացված վարկերի մոտ 70 տոկոսը տրամադրվել է հենց Ամերիաբանկի կողմից։

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ջերմոցային տնտեսության զարգացմանը, մասնավորապես` սարքավորումների ներկրմանը, որոնք ապահովում են էներգաարդյունավետություն և բարձր արտադրողականություն, ինչը թույլ է տալիս խթանել գյուղատնտեսության զարգացումն ու ավելացնել արտահանման ծավալները», – ասաց Թառումյանը։

Նրա խոսքով` էներգախնայող և նորագույն տեխնոլոգիական սարքավորումների օգտագործման շնորհիվ հանրապետության ջերմոցային տնտեսությունները ստանում են մրցակցային առավելություններ, ողջ տարվա ընթացքում ապահովում են անխափան արտադրություն և մեծ ներդրում են կատարում Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Թառումյանն ընդգծեց, որ վարկերի տրամադրման պայմանները փոփոխվում են` կախված վարկառուի վարկունակությունից։ Այսպես, վարկերը տրամադրվում են 7–10 տարվա ժամկետով տարեկան 9–11% տոկոսադրույքով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանում գործող առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։ 

Բանկի ակտիվները 2016 թ.–ի առաջին եռամսյակի վերջում կազմել են 507,7 մլրդ դրամ, պարտավորությունները ` 447 մլրդ դրամ, կապիտալը` 60,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 330,4 մլրդ դրամ, զուտ շահույթը` 1 195,8 մլն դրամ ($1 - 479,34 դրամ)։ -0-