«Նաիրիտում» ինվենտարիզացիա է անցկացվում. Էներգետիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» քիմիական գործարանում անցկացվում է ինվենտարիզացիա, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։
«Ինվենտարիզացիան անցկացվում է պոտենցիալ ներդրողների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ ունենք», – ասաց Թարփոշյանը։
Այն հարցին, թե, արդյոք, իրականությանը համապատասխանում են շրջանառվող լուրերն այն մասին, որ գործարանի ունեցվածքի մի մասը հանձնվելու է «Նաիրիտ 2»–ին` Թարփոշյանը նշեց, որ չի տիրապետում նման տեղեկատվության։ Նա նաև դժվարացավ պատասխանել այն հարցին, թե կոնկրետ որ ընկերությունն է իրականացնում աուդիտն ու որքան է իրականացվող աշխատանքների արժեքը։
Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ Հայաստանը ներդրող է փնտրում «Նաիրիտ» քիմիական գործարանի համար, որի գործարկման համար, աուդիտորների նախնական գնահատականներով, անհրաժեշտ է մոտ 200–300 մլն դոլարի ներդրում։
Համաշխարհային բանկը «Նաիրիտի» հետագա շահագործման հեռանկարների, տեխնիկական և ֆինանսական գործունակության մասին հրապարակած նախնական հաշվետվությունում հանդես է եկել եզրակացությամբ գործարանի վերագործարկման աննպատակահարմարության մասին, քանի որ դրա շահագործումը տնտեսապես շահավետ չէ, արտադրանքի առաքման գնահատման ինքնարժեքը գերազանցում է քլորոպրենային կաուչուկի նախատեսվող արժեքը։ Նշված գործոնները գործարանն անմրցունակ են դարձնում, որի հետ կապված` ՀԲ–ն խորհուրդ է տալիս Հայաստանի կառավարությանը լուծարել «Նաիրիտը»։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը։ Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թ.–ի ապրիլից։–0–