Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ինեկոբանկը և EFSE հիմնադրամը ընդլայնում են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համագործակցության շրջանակները

16.07.2019, 12:55
Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (EFSE) նոր վարկ է տրամադրել Հայաստանում իր գործընկեր Ինեկոբանկին:
Ինեկոբանկը և EFSE հիմնադրամը ընդլայնում են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համագործակցության շրջանակները

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (EFSE) նոր վարկ է տրամադրել Հայաստանում իր գործընկեր Ինեկոբանկին` երկրում միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը խթանելու նպատակով: Հիմնադրամը, ներդնելով 10 մլն ԱՄՆ դոլար, նպատակ ունի ընդլայնելու Բանկի ներգրավվածությունը միկրո և փոքր ձեռնարկատիրության ոլորտում՝ մեծացնելով ֆինանսավորման հնարավորությունները և նպաստելով ոլորտի կայուն զարգացմանն ու աճին։ Այդ մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Հայաստանյան բանկային համակարգում ակտիվների ծավալով վեցերորդը հանդիսացող Ինեկոբանկը համագործակցում է EFSE հիմնադրամի հետ սկսած 2012 թվականից։ Բանկը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու EFSE հիմնադրամի թիրախային խումբ հանդիսացող միկրո և փոքր ձեռնարկատիրություններին և նպաստելու ձեռներեցության զարգացմանը Հայաստանում՝ տրամադրելով գործարար կարիքներից բխող ֆինանսական պրոդուկտներ և ծառայություններ», - նշված է տարածած հաղորդագրությունում։

EFSE- ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսը նշեց. «Այս վարկը կշարունակի ամրապնդել EFSE հիմնադրամի ազդեցությունը Հայաստանում և մեր արժեքավոր գործընկերությունն Ինեկոբանկի հետ, որը հանդիսանում է միկրո և փոքր բիզնեսը ֆինանսավորող առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը երկրում։ Ապահովելով ձեռնարկատերերին կայուն ֆինանսավորման միջոցներով և հետևելով մեր առաքելությանը` համատեղ խթանում ենք տարածաշրջանում բիզնեսի և տնտեսության զարգացումը»։

«Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը հանդիսանում է Ինեկոբանկի ռազմավարական գործընկերներից և շարունակաբար հնարավորություն է ընձեռում մեզ մշակելու թիրախավորված վարկավորում` օժանդակելով առավել արդար և արդյունավետ կերպով բավարարել շուկայի պահանջարկը։ Այս գործարքը բացառություն չէ և միտված է ամրապնդելու մեր ներգրավվածությունը Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործընթացում», - մեկնաբանեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։

2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:

Զարգացման ոլորտում աշխարհի խոշորագույն հիմնադրամներից մեկի՝ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) նպատակն է աջակցել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական զարգացմանը և աճին` ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողություններում, ինչպես նաև բարելավելով տնային տնտեսությունների կենսապայմանները։ Քանի որ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը կարևոր է տվյալ խմբի համար, EFSE-ն աջակցում է տեղական ֆինանսական հատվածին, որպեսզի վերջինս անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրի թիրախային խմբերին։ Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեությոան հետ մեկտեղ, հիմնադրամը կրկնապատկում է իր ազդեցությունը հիմնադրամի Զարգացման կառույցի միջոցով, որը կազմակերպում է վերապատրաստումներ,տրամադրում է տեխնիկական, և այլ ոչ ֆինանսական աջակցություն ձեռնարկատերերին և հաստատություններին:

EFSE-ն հիմանադրվել է KfW զարգացման բանկի կողմից` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ: Որպես առաջին հանրային-մասնավոր գործընկերության օրինակ՝ EFSE-ն իր կապիտալը ստանում է դոնոր գործակալությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողների ներդրումների շնորհիվ :

Finance in Motion GmbH գերմանական կառույցը հանդիսանում է EFSE հիմնադրամի խորհրդատու, իսկ լյուքսեմբուրգյան Hauck & Aufhäuser Fund Services S.A. կազմակերպությունը՝ ֆոնդի մենեջեր։

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.efse.lu կայքը։

Finance in Motion կառույցի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք` www.finance-in-motion.com կայքը։-0-