Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի դրամաշնորհների մրցույթի հաղթողները 15-հազարական դոլար կստանան

27.11.2012, 15:12
Հայաստանում գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակներում դրամաշնորհների մրցույթի հաղթողները 15-հազարական դոլար կստանան, հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի (Enterprises Incubator foundation, EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Հայաստանում գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի դրամաշնորհների մրցույթի հաղթողները 15-հազարական դոլար կստանան
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակներում դրամաշնորհների մրցույթի հաղթողները 15-հազարական դոլար կստանան, հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի (Enterprises Incubator foundation, EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ըստ նրա, ծրագիրն իրագործվում է 2006 թվականից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի (CRDF Global) ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

«Ծրագրի նպատակն է ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնող լավ գաղափարների, թիմերի և նախագծերի հայտնաբերումը»,- ասաց Ենգիբարյանը լրագրողներին Երևանում «Գաղափարից դեպի շուկա» թեմայով երկօրյա վենչուրային համաժողովի ընթացքում:

Նա նշեց, որ յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կազմում է 12 ամիս, որոնց ընթացքում մրցույթներ են կազմակերպվում և հատուկ դասընթացներ են կազմակերպվում:

«Այս տարի մրցույթը հայտարարվել էր մայիսին: Ներկայացվել է ավելի քան 50 նախագիծ, որոնց գնահատվել են ամերիկացի և հայ մասնագետների կողմից: Ծրագրերը վերաբերում են ամենատարբեր ոլորտների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, կենսատեխնոլոգիաների, քիմիայի և այլ ոլորտների»,- նշեց EIF տնօրենը:

Նա հայտնեց, որ վենչուրային համաժողովում ներկայացվել են մոտ 20 ծրագրեր, որոնցից հինգը 15 հազար դոլարի դրամաշնորհներ կստանան:

 «Վենչուրային համաժողովը թույլ է տալիս նախագծեր ներկայացնել կազմակերպություններով հետաքրքրված պոտենցիալ ներդրողներին, վենչուրային կապիտալիստներին: Գաղափարները պետք է նորարարական, տեխնոլոգիական լինեն: Անհրաժեշտ է նաև մասնավոր գործընկերոջ առկայությունը, որը հետաքրքրված կլինի գաղափարը բիզնեսում ներդնելու հարցով»,- նշեց Ենգիբարյանը:

Նա նշեց, որ այս տարի հայ մասնագետների հետ միասին նախագծերը կգնահատեն ամերիկացի հեղինակավոր փորձագետներ Ուորեն Հաբերը (Warren Haber) և Հիթ Նեքուինը (Heath Naquin):

«Հայտերի թիվը տարեցտարի ավելանում է, սակայն, բացի  քանակից, մենք ունենք նաև որակական հաջողություններ: Գոյություն ունեն նախագծեր, որոնք մրցույթի արդյունքներով, օգնեցին թիմերին վերածվել հաջողակ կազմակերպությունների: STEP ծրագրի մասնակիցներն իրենց արտադրանքն են արտահանում Թայլանդ, Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ, իսկ դրանց մասնավոր գործընկերներն իրենց արտադրանքը մատակարարում են ղազախական և ռուսական շուկաներ»,- ասաց Ենգիբարյանը:

CRDF Global-ի ներկայացուցիչ Եվգենի Կրասովսկին իր հերթին շատ արգասաբեր անվանեց իրականացվող աշխատանքը: «Մեր նպատակը պարզ է՝ մենք պետք է սատարենք տեղական տեխնոլոգիական ձեռնարկատիրությանը, հնարավորություն տանք բոլոր տարիքի մարդկանց հասցնել իրենց տեխնոլոգիական գաղափարները շուկա, իրագործել իրենց ներուժը, շփումներ հաստատել և նոր աշխատատեղեր ստեղծել»,- նշեց Կրասովսկին:

Նա ավելացրեց, որ վերջին 2-3 տարիների ընթացքում նկատելի է ծրագրի երիտասարդ մասնակիցների հետաքրքրվածության աճը:

«Այս տարի մենք գրեթե կրկնակի թվով հայտեր ենք ստացել, քան նախորդ տարի: Երևում է, որ հետաքրքրությունը մեծացել է: Զգալիորեն աճել է հայտերի որակը, այսինքն, այն թրենինգները, որոնք կազմակերպում է CRDF Global-ը և մեր գործընկերները, շատ արգասաբեր և օգտակար են: Մենք տեսնում ենք հաջողության պատմությունը: Ունենք անուններ և ընկերություններ, որոնք կարող են ասել, որ դուրս են եկել այս ծրագրից և օգուտ են բերել իրենք իրենց և մյուսներին»,- ասաց Կրասովսկին:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանի խոսքով` STEP ծրագրի գաղափարախոսությունը շատ հետաքրքիր է: «Այսօրվա համաժողովի կարգախոսն է՝ «Գաղափարից դեպի շուկա»: Հենց դա է ծրագրի նպատակը, որը թույլ է տալիս թիմերին հետագայում դառնալ լիարժեք կազմակերպություններ, ներկայացնել իրենց նախաձեռնությունները շուկային, համապատասխան օժանդակություն ստանալ և իրագործել իրենց նպատակները»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնահերթ է Հայաստանի կառավարության համար: «Միայն ՏՏ և զբոսաշրջության ոլորտը ճյուղային ֆինանսավորում կստանան բյուջեից, այսինքն, մենք կարևորում ենք ՏՏ ներուժը, իսկ STEP ծրագիրը դրա հետաքրքիր բաղադրիչներից է»,- ասաց փոխնախարարը:

STEP ծրագրի նպատակն է հայ մասնագետների օժանդակությունը նորարարական արտադրանքի շուկայում ներկայանալու, նոր ձեռնարկությունների ստեղծման, գործող ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության հարցում: Ծրագրի շրջանակներում տրվում են դրամաշնորհներ, անցկացվում են կլաստերային սեմինարներ, բիզնես-դասընթացներ, տրամադրվում են իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություններ: -0