ՀՀ կառավարությունը հաստատել է 2025 թ.-ի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հաստատել է 2025 թ.-ի բերքահավաքի համար լոլիկի մթերումների գործընթացը կազմակերպելու միջոցառումները։
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այս նախագծի ընդունումը պայմանավորված է լոլիկի գնման գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ։
«Ընդհանուր առմամբ, 2024 թ.-ին մթերվել է 15,200 տոննա լոլիկ, այնինչ 2025 թ.-ի օգոստոսի 28-ի դրությամբ՝ ավելի քան 8,800 տոննա լոլիկ։ Սա մոտ 5,000 տոննայով ավելի է, քան մթերվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», - ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ լոլիկի մածուկի արտադրության համար լոլիկը ներկայումս մթերվում է կիլոգրամի համար 40-45 դրամով, իսկ արտադրված մեկ կիլոգրամ լոլիկի մածուկի ինքնարժեքը կազմում է մոտ 450 դրամ։
«Վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիր ունի ոչ միայն միջազգային, այլ նաև հայկական շուկայում։ Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակում տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողները շահագրգռված չեն լոլիկի մթերումների իրականացմամբ։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների՝ ընթացիկ տարում առկա է շուրջ 7000 տոննա լոլիկի մթերման խնդիր», - նշել է Պապոյանը։
Նախագծով առաջարկվում է 2025 թ.-ի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն։ Պայմաններն են՝ 2 հազար տոննայից ավելի լոլիկ մթերող ընկերություններին տրամադրվում է աջակցություն՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար, որը գերազանցում է այս թիվը, 1 կգ լոլիկի նվազագույն մթերման գինը չի կարող ցածր լինել 40 դրամից։